
«Եթե քաղաքական կամք կա նման պրոցես սկսելու համար, թող ցույց տան, եթե չկա, կարծում եմ, որ թեման անիմաստ շահարկվում է». Մարուքյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու թեման անիմաստ շահարկում է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Է.Մարուքյանը նշեց, որ էթիկայի հանձնաժողովը մանդատից զրկող մարմին չէ:
«Կա ընթացակարգ՝ Աժ խորհուրդը կամ 27 պատգամավոր, որոնք իրավունք ունեն, պետք է դիմեն ՍԴ և եզրակացություն ստանան, որ ԱԺ-ն էլ եզրակացության հիմա վրա մանդատից զրկի կամ չզրկի: Հետևաբար՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելն ինչ-որ անիմաստ ժամանավաճառության մասին խոսակցություններ են: Հիմա եթե քաղաքական կամք կա նման պրոցես սկսելու համար, թող ցույց տան, եթե չկա, ես կարծում եմ, որ թեման անիմաստ շահարկվում է»,- ասաց Է.Մարուքյանը: