
«Աշխարհացունց բան չի եղել». Էդմոն Մարուքյանը՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի կոչի մասին

«Երաշխավորման ինստիտուտը կա, պատգամավորներն են երաշխավորում, հայտնի մարդիկ են երաշխավորում, նախկին և գործող նախագահներն են երաշխավորում: Դիմել են՝ դիմել են, գլխավոր դատախազն էլ կքննարկի, կպատասխանի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին ԼՂ նախագահների խնդրանք-կոչին:
Ըստ նրա՝ իր համար սա ոչ մի ազդակ չէ, նախագահները քաղաքական մարդիկ են և նրանց գործողություններում քաղաքական ենթատեքստ կա, բայց իրավական առումով դա գլխավոր դատախազի գործն է. «Աշխարհացունց բան չի եղել»:
«Երաշխավոր լինելը, երաշխավոր կանգնելն արդեն աջակցություն է, բայց այդ աջակցությունը քրեական գործի վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ»,- ասաց Մարուքյանը՝ հիշեցնելով, որ Արցախի պատգամավորներն էլ էին աջակցել Ռ.Քոչարյանին: