Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարվել մանդատից

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարվել մանդատից՝ վերջ դնելու համար վերջին օրերին իր անվան շուրջ ծավալվող քննարկումներին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր հրապարակային պարզաբանման մեջ «բարձր մակարդակով» ամեն ինչ ներկայացրել է՝ և՛ իրավական, և՛ քաղաքական առումով:

«Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, վնաս են ժողովրդին, ներդրմանը,- ասաց նա՝ նկատելով, թե այն ներդրողները, որոնց հետ ինքը պայմանավորվածություն ուներ, մտահոգ են,- Նրանց մոտ մտավախություն կա, որ կարող ա մեկը քնից արթնանա և ինչ-որ որոշ անհիմն հայտարարություն անի: Ներդրողը պետք է վստահ լինի, գնահատված լինի, հավատք ունենա: Այսպիսի մանր-մունր խոսակցությունները, որ ամեն մեկը, տեղից հելնողը ինչ-որ անհիմն հայտարարություն անի, կամ կարող ա վատ ա քնել, չգիտեմ, երազում ինչ ա տեսել, չի կարելի: Դա ազդելու ա մեր տնտեսության, ներդրումների վրա»:

Ըստ նրա՝ իր դեմ հայտարարությունները, պատգամավորների ելույթները նախանձի արդյունք են, որ իրենք չունեն, իսկ իր մի քայլին մեծ արձագանք կա՝ մարդիկ ցուլ են մորթում, մատաղ են անում: Ծառուկյանը նշեց, որ տեքստիլի արտադրություն հիմնելու համար մարդիկ պահանջել են իրենից, որ միայն իրեն են վստահում. «Ես էլ ասել եմ՝ ժողովուրդ ջան, այո, ես պատասխանատու եմ, թող աշխատեն»:

Ծառուկյանը հայտարարեց, որ գիտի, թե իրեն դեմ խոսողների հաջորդ քայլը որն է լինելու, սակայն չբացահայտեց դա:

«Այո, պարոն վարչապետը ճիշտ է ասում՝ բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց ամենակարևորը, ես նորից եմ ասում, պետք է լինեն կապեր, ծանոթություններ, վստահություն, հավատք, ընկերություն, շրջապատ, որովհետև ցանկացած ծրագիր, ցանկացած ներդրում կայանում ա ծանոթության, վսահության, կլոր սեղանի շուրջ»,- նկատեց Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս