Արամ Դանիելյանը զանգվածային կրճատումներ է սկսել Արաբկիրի թաղապետարանում
Արաբկիրի թաղապետարանում կրքերը հանդարտվելու փոխարեն՝ է՛լ ավելի են թեժացել: 168.am-ի տեղեկություններով՝ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը կրճատվող աշխատակիցների ցուցակ է նախապատրաստել, և այս պահի դրությամբ՝ նախնական 10-15 հոգի այդ սև ցուցակում է:
Սա ներկայացվելու է՝ որպես քաղաքապետարանի հանձնարարությամբ հաստիքների «թեթևացման» գործընթաց, այսինքն՝ միանման բաժինների միացում կամ միանման հաստիքների կրճատում: Սակայն, եթե այլ վարչական շրջաններում կամ քաղաքապետարանում «կրճատվում» են միանման հաստիքները, կամ որոնք զուտ անվանական գոյություն ունեն, այսինքն՝ այդտեղ ռեալ աշխատող չկա, ապա Արաբկիրի թաղապետարանում բոլորն իրական մարդիկ են:
Ավելին, կրճատվող աշխատակիցների փոխարեն՝ Դանիելյանն արդեն փոխարինողներ է գտել և իր մարդկանց է տեղավորում որոշ պաշտոնների, օրինակ՝ կրթության բաժնում:
Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետարանում խժդժությունները սկսվեցին Դանիելյանի՝ կամայական, անհավասար պարգևատրումների պատճառով: Աշխատակիցները ստորագրահավաք էին սկսել թաղապետի հրաժարականի պահանջով։ Վարչական շրջանից վստահեցրել էին, թե Ա.Դանիելյանն ուզում էր, որ աշխատանքի «մոտիվացիա լինի, այսինքն՝ մարդիկ տեսնեին, որ լավ աշխատողը ստացել է 100 կամ 70 տոկոս պարգևավճար, իսկ ովքեր ինչ-ինչ թերացումներ են ունեցել և աչքի չեն ընկել՝ ստացել են 30 կամ 50 տոկոս»։