
ԱՄՆ-ում արդեն այս տարի ծրագրում են լաբորատորիայում աճեցված մսի արտադրություն սկսել. WP

Միացյալ Նահանգների առաջատար ընկերությունները, որոնք զբաղվում են արհեստական մսի արտադրության տեխնոլոգիաների մշակմամբ, մտադիր են արդեն այս տարի ներկայացնել այդ մթերքը: «Նոր մսի» նախապատրաստման մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը:
«Փորձանոթի միսը», չնայած փոքր-ինչ վախեցնող անվանմանը, ըստ էության չի տարբերվի սովորականից, վստահացնում են դրա ստեղծողները: Տարբերությունը սոսկ այն է, որ գյուղատնտեսական կենդանիների բուծման փոխարեն, որոնց այնուհետեւ ուղարկում են սպանդանոց, մսային մթերքն անմիջապես կաճեցվի լաբորատոր պայմաններում:
Այլ խոսքով՝ ուղղակիորեն գործարանում հատուկ սնուցիչ միջավայրում կարելի կլինի «աճեցնել» գործածության համար պատրաստի տավարի լցոն: Դրանք կլինեն ճիշտ այնպիսին, ինչպիսին իսկական միսն է, մկանային հյուսվածքներ, որոնք, սակայն, երբեք կենդանի օրգանիզմի մաս չեն եղել: Արտաքուստ եւ համով տարբերությունը նույնպես նկատելի չի լինի, համոզված են մշակողները:
Տեխնլոգիան թույլ կտա ամբողջ արտադրական շղթան հանգեցնել սոսկ մեկ փուլի՝ պատրաստի մթերքի «աճեցման», ինչը փաստորեն ավելորդ է դարձնում բուն անասնապահությունը, գյուղատնտեսական կերերի արտադրությունը, սպանդանոցները եւ նման շատ բաներ:
«Եթե այս մտահղացումը թեկուզեւ մասնակիորեն իրականացվի, դա կդառնա մեր հարյուրամյակի ամենանշանակալից տեխնոլոգիական ճեղքումներից մեկը»,- համոզված է Քրիստոֆեր Գաստերատոսը՝ Cellular Agriculture Society («Բջջային գյուղատնտեսության ընկերության») ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիրը, որը ֆինանսավորում է այս բնագավառի հետազոտությունները:
Հիշյալ մտադրությունների լրջության մասին Է վկայում այն փաստը, որ Միացյալ Նահանգների կարգավորող գերատեսչություններն արդեն այս տարի կթողարկեն հատուկ նորմատիվային փաստաթղթեր, որոնք սահմանում են նման արտադրանքի պատրաստման կանոնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: