Բաժիններ՝

«Սպայկայի» ղեկավարի նկատմամբ հետապնդումը դադարեցված չէ. Փաստաբան

«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել: Այս մասին այսօր 168.am-ին հայտնեց Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը՝ հաստատելով ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը, որ վերացել են Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1 մլրդ դրամ գումար:

«Ճիշտ է տեղեկությունը, խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կայացվել է երեկ երեկոյան»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է, այս գումարի վճարումը չի նշանակում, որ վնասն ամբողջությամբ փոխհատուցվել է, և նրա հանդեպ հետապնդումը դադարեցված է.

«Դեռ պետք է հաշվարկներ իրականացվեն: Երբ հաշվարկներն ավարտվեն, այդ հարցի շուրջ համաձայնության գան, նոր միայն հետապնդումը կդադարեցվի»:

Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանին ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար։ Դ.Ղազարյանը չէր ընդունել առաջադրված մեղադրանքը՝ ՊԵԿ-ի հաշվարկն ուռճացված համարելով: Ղազարյանը պնդում էր, որ իր հանդեպ հետապնդում է իրականացվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս