Բաժիններ՝

Արաբկիրի թաղապետարանում բողոքի նոր ալիք է բարձրանում

Այսօր լրատվամիջոցներով լուրեր շրջանառվեցին, որ Արաբկիրի թաղապետարանում աշխատակիցների և թաղապետ Արամ Դանիելյանի միջև կան տարաձայնություններ, ուստի թաղապետարանում ամենօրյա աշխատանքներն այդքան էլ հարթ չեն ընթանում՝ աշխատակիցներն աշխատելու փոխարեն՝ ստորագրահավաք են սկսել թաղապետի հրաժարականի պահանջով։

Թաղապետարանի աշխատակիցները դժգոհել են, քանի որ Արամ Դանիելյանը պարգևավճարներն իրենց միջև ճիշտ չի բաշխել, մի աշխատողին ավելի մեծ պարգևավճար է տվել, մյուսին՝ քիչ։ Բացի այդ, թաղապետարան է բերել իր բարեկամներին ու ընկերներին, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ՝ սկսած տեղակալից՝ մինչև վարորդ։

168.am-ը Արաբկիրի թաղապետարանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է այնտեղ տեղի ունենում, որտեղից  նշեցին, որ թաղապետն այս պահին քաղաքապետարանում խորհրդակցության է, զանգերին չի կարող պատասխանել, իսկ թաղապետարանն էլ իր բնականոն աշխատանքի մեջ է, քանի որ նախկինում եղած տարաձայնությունները հարթվել են։

«Ստորագրահավաք, հրաժարական պահանջել, նման բան չկա, վարչական շրջանը բնականոն ու հանգիստ աշխատում է։ Որոշ աշխատակիցներ դժգոհել են, առիթը եղել է պարգևավճարները։ Պարոն Դանիելյանը որոշել էր աշխատակիցներին հատկացնել պարգևավճարներ՝ ըստ իրենց արած աշխատանքի արդյունավետության։ Պարգևավճարները դեռևս որևէ մեկը չի ստացել, եռամսյակային պարգևավճար պետք է լինի քաղաքապետարանի ամբողջ անձնակազմին։ Պարոն Դանիելյանն ուզում էր, որ աշխատանքի մոտիվացիա լինի, այսինքն՝ մարդիկ տեսնեին, որ լավ աշխատողը ստացել է 100 կամ 70 տոկոս պարգևավճար, իսկ ովքեր ինչ-ինչ թերացումներ են ունեցել և աչքի չեն ընկել՝ ստացել են 30 կամ 50 տոկոս։

Դժգոհության պատճառը սա է եղել, որ՝ ինչո՞ւ բոլորը 100 տոկոս չեն ստանում։ Դժգոհությունները հաշվի առնելով՝ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, և պարոն Դանիելյանը որոշել է, որ այս անգամ պարգևավճարները կտրամադրի 100 տոկոսով, բայց հաջորդ եռամսյակում կսահմանվեն որոշակի չափորոշիչներ, որոնցով կառաջնորդվի, որով էլ կտարբերակվի,  լավ աշխատողին՝ լավ պարգևավճար, թերացողին՝ իր աշխատանքին համապատասխան։ Տարաձայնությունները հարթվել են, և այդ տարաձայնությունները փորձեցին բարձրացնել այն մարդիկ, որոնք չեն աշխատում, եթե մարդիկ զբաղված լինեն իրենց գործով,  ժամանակ չեն ունենա ուղղակի նման «բզբզոցների»»,- մեզ հետ զրույցում նշեցին թաղապետարանի աշխատակազմից։

Ինչ վերաբերում է թաղապետարանում Արամ Դանիելյանի կողմից իր բարեկամներին աշխատանքի տեղավորելուն, մեր զրուցակիցն ասաց, որ թաղապետարանում նրա  բարեկամներից որևէ մեկը տեղակալ չի աշխատում, միայն կնոջ եղբայրն է աշխատում որպես վարորդ։

«Նա իր անձնական վարորդն է, նա է ընտրել իր անձնական վարորդին և ընտրել է մի մարդու, որը առավոտյան ժամը 08։00-ից մինչև կեսգիշեր սպասի, մինչև Արամ Դանիելյանն աշխատանքը ավարտի, օտար մարդ այդ աշխատավարձով հաստատ չէր գա աշխատի, նրան պետք էր հավատարիմ ու վստահելի մարդ։ Դա նրա անձնական տիրույթն է, և նույնիսկ անհարմար է, որ այդ հարցը շահարկում են»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից՝ մեր հարցին, թե թաղապետն ինչ աշխատանքներ է կատարել, չկարողացան պատասխանել։ Նույնիսկ չկարողացան մտաբերել նրա անունը։ «Ոչինչ էլ չի անում, համայնքն էլ աղբի մեջ կորած է», «Ո՞վ է որ մեր թաղապետը», «Հաա, էն, որ տեսանութ էր տարածվել իրա մասին… ոչ մի բան էլ չի արել»,- պատասխանում էին մեր զրուցակիցները՝ չմտաբերելով անգամ անուն-ազգանունը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս