Քաղաքապետի առաջարկն աբսուրդ է. շրջիկ առևտրի կետերի ներկայացուցիչները բողոքի ցույց կանեն
«Շրջիկ առևտրի կետերի խնդիրը մնում է չլուծված: Երևանի քաղաքապետարանի և ՀԷՑ-ի կողմից շարժական առևտրի կենտրոնների հոսանքազրկումից հետո միության նախաձեռնությամբ և ուժերով քաղաքապետարանի կողմից թիրախավորված 9 շրջիկ կետերը դադարեցրել են գործունեությունը, միությունը նաև հանձն է առել վիճակը կայուն պահել և կանխել նոր կետերի ստեղծումը, ակնկալելով խնդրի լուծում, որն է` թույլատրել ՀԷՑ-ից էլեկտրականություն ստանալը, բայց այդ ուղղությամբ որևէ քայլեր չեն արվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը:
«Քաղաքապետարանում օրերս հանդիպում տեղի ունեցավ, բայց լուծում չառաջարկեցին: Բոլորս այժմ գեներատորներով ենք աշխատում, հոսանք չունենք, անհիմն եկել, անջատել են: Ոչ թույլտվություններն են հաշվի առել, ոչ էլ ՀԷՑ-ի հետ կնքած պայմանագրերը: Հիմա քաղաքապետարանը ՀԷՑ-ի վրա է գցում, ՀԷՑ-ն էլ՝ Քաղաքապետարանի: Իրենց նպատակն այն էր՝ սաստեն մարդկանց, որպեսզի շրջիկ առևտրի կետերը չավելանան: Մենք մեր միության ուժերով անհամապատասխան տեղերում գտնվող կամ ոչ համապատասխան տեսք ունեցող կետերը, որոնք թիրախավորվել էին Քաղաքապետարանի կողմից, հորդորեցինք, որ հանեն: Դրանք թվով 9-ն էին»,- մանրամասնեց Արեն Մելիքյանը:
Մեր դիտարկմանը՝ Քաղաքապետարնի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ շարժական մեքենան որևէ լարանցում չպետք է ունենա, «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը պատասխանեց.
«Եթե իրենք ուսումնասիրեն միջազգային փորձը՝ կտեսնեն, որ այդպես է: Առանց շարժիչի տրեյլերները կանգնած են Հոնկոնգում, Դուբայում, հոսանքները լարով քաշած՝ մարդիկ աշխատում են: Իսկ այն, որ Երևանի քաղաքապետն ասում է՝ պետք է առևտրի կետը շարժական լինի, դա ուղղակի աբսուրդ է, իրեն ուրիշ ձև են ինֆորմացրել: Շարժական հնարավոր չէ, որովհետև, եթե կայանման խնդիր կա, ո՞նց ես կարողանալու գալ ու տեղ գտնել: Գալիս, տեսնում ես՝ տեղդ զբաղված է, երկրորդ տեղն ես ման գալիս, դա էլ է զբաղված լինում, ու ամբողջ օրդ կորչում է, ավելին՝ խցանում ես ստեղծում։ Ու եթե շրջիկ առևտրի կետի համար տեղ պետք է որոշվի, էլ ի՞նչ իմաստ ունի անընդհատ տանելն ու բերելը»:
Արեն Մելիքյանը տեղեկացրեց, որ վաղը բողոքի ցույց են անելու Կառավարության շենքի դիմաց:
«Մենք արեցինք մեր քայլը, Հանրապետության հրապարակն ազատեցինք շրջիկ առևտրի կետերից, իսկ իրենք որևէ քայլ չարեցին»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Քաղաքապետարանի «Առևտրի վարչությունն» ու ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվող տնտեսվարողներին զրկել են էլեկտրականությունից
Անի Կարապետյան