Ունենք բոլոր նախադրյալները լավ բերք ստանալու համար. Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 30-ին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի ընթացքում հակահրդեհային և հակակարկտային կանխարգելիչ միջոցառումների անվտանգ կազմակերպման հարցերը:
Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Վերջինս ներկայացրել է գարնանացանի ընթացքի վերաբերյալ ցուցանիշներ, նշել, որ պահանջված սերմերի տրամադրումը գտնվում է ավարտման փուլում և ուշացումներ չեն նախատեսվում: Խոսելով հակահրդեհային և հակակարկտային պաշտպանության մասին՝ Ժ. Միրզոյանը մասնավորապես նշել է.
«Գործընթացը իրականացվում է երկու եղանակով՝ քիմիական և մեխանիկական: ՄԻնչև մայիսի 6-ը նախատեսվում է ավարտին հասցնել քիմիական եղանակով պայքարը, իսկ մեխանիկականը՝ կախված եղանակային պայմաններից՝ նախատեսում ենք ավարտել մինչև հունիսի սկիզբ»:
Գ. Մարտիրոսյանը լրացուցիչ պարզաբանումներ ստանալաով վարչակազմերի ղեկավարներից նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նվազագույնի հասցվի ցանքատարածություններում հրդեհների պատճառով բերքի կորուստը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ միջոցներ: «Այս տարի ունենք գոհացնող նախադրյալներ բոլոր մշակաբույսերից լավ բերք ստանալու համար: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործենք հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար մեր ամբողջ հնարավորությունները՝ վնասները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Խորհրդակցությանը արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է կատարված և նախատեսվող աշխատանքների մասին մանրամասներ:
Հանդիպման ավարտին պետնախարարը հորդորել է սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ տեղերում բացատրական աշխատանքներ տանել դրանց ճիշտ և անվտանգ օգտագործման վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: