
Վենեսուելայի զինված ուժերը հավատարիմ են մնում Մադուրոյին մի խումբ զինվորականների ապստամբությունից հետո

Վենեսուելայի զինված ուժերը հավատարիմ են մնում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը: Ապրիլի 30-ին այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել մի խումբ զինվորականների ապստամբության մասին:
«Վենեսուելայի զինված ուժերը հաստատակամորեն հանդես են գալիս ազգային Սահմանադրության եւ օրինական իշխանությունների պաշտպանությամբ»,- նշել է նա: Ըստ որում նախարարն այն զինծառայողներին, որոնք պաշտպանում են ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, «դավաճաններ եւ վախկոտներ» է անվանել:
Ավելի վաղ Գուայդոն Twitter-ում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ դիմել էԲոլիվարյան Հանրապետության զինվորականներին՝ փողոցներ դուրս գալու կոչով՝ երկրում «բռնատիրմանը վերջ տալու» համար: Նրա խոսքով՝ ուղերձը տեսագրվել է Կարակասում Ֆրանսիսկո Միրանդայի անվան ավիաբազայի տարածքից:
Տեսագրության մեջ Գուայդոյի հետ մեկտեղ նկարահանված են մի խումբ զինվորականներ եւ «Ժողովրդի կամքը» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը, որն այս պահին գտնվում է տնային կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: