
Ճապոնիայում նշում են կայսրի կառավարման նոր դարաշրջանի սկսվելը

Ճապոնիայի բնակիչները նշում են գահից Ակիհիտո կայսեր կամավոր հրաժարվելը, որը գահակալում էր 1989 թվականի հունվարի 8-ից: Մասնավորապես, Տոկիոյում մարդկանց բազմությունն այցելում է կայսերական պալատի համալիրի առջեւի հրապարակ, իսկ բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ մտադիր են աշխատել ողջ գիշերը: Կայսրերի փոխարինման կապակցությամբ երկրում հանգստյան օրեր են հայտարարված:
Ճապոնիայում տարեգրությունը, բացի բոլորի կողմից ընդունված միջազգային համակարգից, կատարվում է նաեւ ըստ կայսրերի կառավարման տարիների: Դրան համապատասխան, Տոկիոյի ժամանակով ուղիղ կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին) ավարտվում է հեռացող կայսր Ակիհիտոյի Հեյսեյ («Խաղաղության հաստատման») դարաշրջանը եւ սկսվում է նրա ավագ որդու՝ Նարուհիտոյի Ռեյվա («Հիանալի ներդաշնակության») դարաշրջանը:
Ժամանցային զբոսայգիներից շատերը Ճապոնիայում այժմ անվճար են աշխատում, առանձին քաղաքների փողոցներում բաժանում են քաղցրավենիքներ եւ «Հեյսեյ» բառի երկու հիերոգլիֆներով զարդարված հուշանվերներ՝ ի նշան երախտագիտության հեռացող դարաշրջանի: «Հեյսե՛յ, շնորհակալություն: Բաժակ բարձրացնենք Ռեյվայի համար»,-գրված է Տոկիոյում մեծ ժողովրդականություն վայելող «Յամայա» ցանցային խանութների դռների վրա, որտեղ դարաշրջանի փոխվելու կապակցությամբ ալկոհոլային խմիչքները վաճառվում են իջեցված գներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: