Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես հայտարարեց գահից Ակիհիտո կայսեր հրաժարման մասին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 30-ին պաշտոնապես հայտարարել է գահից Ակիհիտո կայսեր հրաժարման մասին: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը NHK հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ընթերցել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։

«Նորին մեծությունը, հատուկ օրենքի դրույթներին համապատասխան, այսօր վայր է դնում իր լիազորությունները»,-նշվում է փաստաթղթում: Վարչապետն այդ կապակցությամբ ժողովրդի անունից խորը երախտագիտություն է հայտնել կայսեր Ակիհիտոյին եւ կայսրուհի Միտիկոյին:

ՌԻԱ Նովոստին գրում է, որ Ճապոնիայի Ակիհիտո կայսրն ապրիլի 30-ի երեկոյան պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց կայսերական պալատից կտեղափոխվի Տոկիոյի ժամանակավոր նստավայր, նախքան Տոգու պալատում հիմնավորվելը, որտեղ ապրել է իր որդին եւ գահաժառանգ արքայազն Նարուհիտոն: Ինչպես սպասվում է, Նարուհիտոն Ճապոնիայի նոր կայսրը կդառնա մայիսի 1-ից եւ ընտանիքի հետ կտեղափոխվի կայսերական պալատ: Հանգստի գնացած կայսրը տիկնոջ՝ Միտիկոյի հետ որոշ ժամանակ կապրի Տականավայի շրջանում գտնվող պալատում, քանի դեռ նորոգման աշխատանքներ կընթանան Տոգու պալատում (բառացիորեն՝ «Արեւելյան պալատում»):

Վերանորոգումից հետո Ակիհիտոն տիկնոջ հետ կտեղափոխվի Տոգու պալատ: Ինչպես նշում է «Կիոդո» գործակալությունը, Տականավայի շրջանի ժամանակավոր նստավայրը դատարկ է մնացել այն բանից հետո, երբ 2004 թվականին մահացավ այնտեղ ապրող Ակիհիտոյի հորաքույրը՝ արքայադուստր Տակամացուն:

Կայսերական պալատից տեղափոխվելուց հետո հեռացող կայսրն ու նրա տիկինն աղոթելու են Ճապոնիայի ժողովրդի համար եւ ավելի շատ ժամանակ են անցկացնելու ընկերների հետ, ընթերցելու են եւ երաժշտություն են լսելու: Հավելենք, որ ապրիլի 30-ին ավելի վաղ Ակիհիտոն ավարտել է գահից հրաժարման հետ կապված կրոնական ծիսակատարությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս