Մեր կյանքում մենք անկախ չենք ընտրելու միայն երկու բան
Բոլորս ձգտում ենք դեպի բացարձակ անկախության։ Լինել անկախ նշանակում է կախում չունենալ ոչնչից ու ոչ մեկից։ Բայց արդյո՞ք կա բացարձակ անկախ վիճակ։
Մարդիկ աշխարհ են գալիս ընտրություն կատարելու ազատ կամքով։ Շատերը մտածում են հենց դա է անկախությունը՝ անել այն, ինչ ուզում ես, սակայն անխակությունը սեփական ընտրության համար պատասխանատվություն կրելն է։ Անկախ լինել նշանակում է լինել պատասխանատու սեփական որոշումների համար։
Յուրաանչյուր որոշում, որ կայացնում ենք մեր կյանքում, ազդում է մեր հետագա ընթացքի վրա՝ լավ կամ վատ։ Եվ անկախությունը դրսևորվում է հենց այն պահին, երբ որոշում ենք՝ ինքներս պատասխատավություն կրել մեր որոշման համար, թե թողնել դա ծնողների, ընկերների, բարեկամների կամ ուրիշ մեկի վրա։
Անգամ հեքիաթներից մենք սովորում ենք, որ ունենք ընտրության հնարավորություն, երբ հերոսը կանգնում է ընտրության առաջ։ Օրինակ շատ հեքիաթներում հանդիպել ենք այն մտքին, որ հերոսը կանգնում է խաչմերուկի առաջ և պետք է ընտրություն կատարի։ Նրան ասվում է՝ գնաս աջ կհարստանաս, գնաս ձախ՝ կգտնես քո սերը, գնաս ուղիղ՝ կհանդիպես չարին և այլն։ Մենք սովորում ենք և ձգտում ենք անկախ լինել, սակայն սխալ որոշումներ կայացնելիս միանգամից գտնում ենք մեղավորներ։
Շատերն ասում են, թե Աստված ի սկզբանե սահմանափակեց մարդու ազատությունը՝ նրա առաջ դնելով պայման՝ չուտել արգելված պտղից։ Բայց եթե մի պահ մտածենք, հենց դրանով Աստված մարդուն ցույց տվեց, որ վերջինս ունի ընտրության հնարավորություն՝ անել կամ չանել ինչ-որ բան։ Ուտել կամ չուտել պտղից։ Մարդն ինքը կայացրեց որոշում՝ ուտել արգելված պտուղը։ Կերավ և պատասխանատվություն կրեց։ Բայց, չէ՞ որ նա անկախ էր որոշում կայացնելու մեջ և կարող էր չուտել և շարունակել դրախտային երանյալ կյանքը։
Աստված մարդուն ստեղծեց ազատ, անկախ և տվեց նրան ընտրության հնարավորություն։ Սակայն մենք չենք կարող լինել բացարձակ անկախ։ Մենք կախված ենք զգացունքներից, հանգամանքներից, նյութական բարիքներից, բարոյական սկզբունքներից։ Մենք կախված ենք անգամ սեփական ցանկություններից։
Կանայք ցանկանում են անկախ լինել տղամարդկանցից, սակայն ամեն անգամ օգնություն են սպասում նրացից, երբ ծանր պայուսակ են կրում։ Երեխաները ցանականում են անկախ լինել ծնողներից, սակայն երբ գումար չեն ունենում՝ նրանցից դրամական օգնություն են ակնկալում։
Մենք բացարձակ անկախ չենք, սակայն բացարձակ անկախ ենք մեր սեփական ընտրության մեջ։ Մեր կյանքում մենք անկախ չենք ընտրելու միայն երկու բան՝ մեր ծնունդը և մահը։ Մնացյալ ամեն ինչ մեր ընտրության արդյունքն է, որը կատարում ենք հետևելով սեփական բարոյական սահմաններին։
Անկախ լինելով հանդերձ մենք կախված ենք սեփական ընտրությունից։
Հասմիկ Թամամյան
qahana.am