ԱԺ նախագահը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնության մասին հայտարարություն կանի. Լիլիթ Մակունց
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացրել, որում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ԱԺ նախագահին ուղղված առաջարկը: Այս մասին ապրիլի 29-ին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Խմբակցության հանդիպման օրակարգում ի սկզբանե մի քանի հարց կար: Առաջինը քննիչ հանձնաժողովների հետ կապված մանրամասն քննարկումն էր: Մի շարք պատգամավորներ ցանկանում էին հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով և ներկայացնում էին դրանց հետ կապված դրույթներ»,-ներկայացրեց Մակունցը:
Նա նաև նշեց, որ քննարկել են Քաղաքացու որոշում կուսակցության ապրիլի 29-ի տարածած հայտարարությունը, որով ՔՈ-ն ԱԺ նախագահին առաջարկում է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ դադարեցնելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները, այդ հարցով դիմել ՍԴ: «Խմբակցությունն այդ առումով որևէ դիրքորոշում չի ձևավորել և չի ներկայացրել: Հնչել են բազմաթիվ կարծիքներ: ՔՈ-ն հայտարարությամբ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Միրզոյանն այդ առումով լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա»,-նշեց Մակունցը:
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Գլխավոր դատախազին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու համար: Նրանց հիմնավորմամբ՝ հիմք են ընդունել պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։