Կոտայքի մարզպետը Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումն այլ մարմնի հանձնելու առաջարկություն կներկայացնի կառավարություն
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվում է առաջարկել կառավարությանը Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից համայնքին, Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ այլ մարմնի հանձնելու մասին: Այս մասին նա ասաց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում։
«Հենց այսօր ծանոթացանք դատախազության պաշտոնական եզրակացությանը, ես պատրաստվում եմ հենց վաղվանից իմ առաջարկությունների փաթեթն ամբողջացնել՝ հիմքում ունենալով այդ հաղորդագրությունը: Պատրաստվում եմ կառավարությանն առաջարկել, որ 2004-ի կառավարության որոշումը վերանայվի և ազգային օլիմպիական կոմիտեի տնօրինմանը հանձնված Ծաղկաձորի ճոպանուղու հարցը վերանայվի և տնօրինման հետ կապված նոր քննարկումների շարք սկսենք: Գուցե տնօրինությունը ՀԱՕԿ-ից հանձնվի Տուրիզմի պետական կոմիտեին կամ համայնքին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կամ այլ գերատեսչության»,-ասաց մարզպետը:
Նրա կարծիքով՝ տուրիզմի արդյունաբերության մեջ այնպիսի հսկան, ինչպիսին Ծաղկաձորի ճոպանուղին է, չպետք է այդ կերպ շահագործվեր: Մարզպետի կարծիքով՝ դրա շահագործումից գեներացվող շահույթից տվյալ համայնքին, մարզին, ՀՀ-ին պետք է մաս հանվի:
ՀՀ գլխավոր դատախազության՝ ապրիլի 29-ին տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել: ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաև՝ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը:
«Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին, երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված գույքը նվիրաբերության պայմանագրով պետության անունից նվիրաբերել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը (ՀԱՕԿ)՝ վերջինիս կամ նրա հիմնադրած առևտրային կազմակերպության կողմից մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը Ճոպանուղին վերակառուցելու և շահագործելու պայմանով: 2005թ. մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը Ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել սահմանփակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2005-2008թթ., իսկ 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով՝ 2009թ.-ից մինչ օրս՝ մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության: