Չինաստանի հետ առևտրական բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ-ի ֆիննախ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին: Այդ կարծիքը, ինչպես նշում է The New York Times թերթը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հայտնել է ապրիլի 28-ին՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում կայացած խորհրդաժողովում:
«Մենք եզրափակիչ փուլն ենք մտնում,- ասել է Մնուչինը:- Կարծում եմ, որ երկու կողմն էլ ցանկանում են հասնել համաձայնության: Մենք մեծ առաջընթացի ենք հասել»: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ներկայում դեռեւս «չլուծված են մնում մի քանի կարեւոր հարցեր»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը: «Շուտով մեզ մոտ կլինի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը»,- նշել է Թրամփը:
Արդեն տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ապրիլի 30-ին կժամանեն ՉԺՀ, որտեղ կհանդիպեն չինական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առեւտի հարցերը: ՉԺՀ-ի կողմից բանակցությունները կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Այնուհետեւ փոխվարչապետը կգլխավորի Չինաստանի պատվիրակությունը, որը կմեկնի Վաշինգտոն՝ առեւտրական բանակցությունների հերթական փուլին: Նախատեսվում է, որ այն կսկսվի մայիսի 8-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: