Գյուղատնտեսությունը չի ենթարկվում կառավարության գործողությունների տրամաբանությանը. Այն շարունակում է ազատ անկումը

Մինչ կառավարությունը փորձում է ցույց տալ, որ երկու ձեռքով, երկու ոտքով կանգնած է գյուղացու կողքին, գյուղատնտեսությունը շարունակում է ազատ անկումը։ Ինչպես փաստում են Վիճակագրական ծառայության հրապարակած առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները, նախորդ տարվանից տնտեսության այդ ճյուղում սկսված ոչ ցանկալի դրսևորումները պահպանվում են նաև այժմ։

Հիշեցնենք, որ այս տարի վիճակագիրները որոշել են հերթական նորամուծությունը մտցնել և գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները հրապարակել եռամսյակը մեկ։ Իր այս քայլը Վիճծառայությունը պայմանավորել է «գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»։

Թե ինչպե՞ս է, որ նախկինում նման խանգարող հանգամանքներ չկային, իսկ այս տարի հանկարծ ի հայտ եկան, թողնենք մի կողմ։ Եկել է գյուղատնտեսության տվյալները հրապարակայնացնելու պահը։ Առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալներում Վիճծառայությունը ներառել է նաև տնտեսության այդ ճյուղի ցուցանիշը։

Ըստ այդմ, տարեսկզբի առաջին երեք ամիսներին գյուղատնտեսության մեջ դարձյալ անկում է գրանցվել։ Ճիշտ է, տեմպը շատ մեծ չէ` 0,2 տոկոս, բայց բացասական միտումը շարունակում է պահպանվել։

Իրավիճակը մտահոգիչ է նաև արտաքին առևտրի ոլորտում։ Ու որքան էլ տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական բարձր է, դրանից արտաքին առևտրի և, հատկապես՝ արտահանման վիճակագրությունը չի բարելավվում։ Ինչպես տարեսկզբի երկու ամիսներին, այնպես էլ մարտին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը բացասական է։

Առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանից ավելի քիչ ապրանք է արտահանվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտահանումը կրճատվել է 8,6 տոկոսով։ Եվ սա՝ այն դեպքում, երբ տնտեսական ակտիվությունը գերազանցել է բոլոր սպասելիքները` կազմելով 6,5 տոկոս։

Այս պարագայում, իհարկե, տրամաբանական կլիներ, որպեսզի արտաքին շուկաներում ավելանային հայկական ապրանքների մատակարարումները։ Սակայն հակառակն է եղել, ինչն ուղղակիորեն բխում է Հայաստանի տնտեսական աճի տրամաբանությունից։ Ի տարբերություն տնտեսության իրական հատվածի, առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական ակտիվությունը հիմնված է հիմնականում ոչ արտահանելի ճյուղերի վրա։ Դրանք են` ծառայությունները, առևտուրը և շինարարությունը։ Եթե առևտրի և շինարարության աճը 10-11 տոկոսի սահմաններում է, ապա ծառայությունների դեպքում անցնում է 17 տոկոսը։

Չնայած, ի տարբերություն տարեսկզբի առաջին երկու ամիսների, մարտին ակտիվությունը գրեթե դադարել է շինարարության ոլորտում, որտեղ, ինչպես հայտնի է, ոչ վաղ անցյալում վարչապետը խոսում էր հերթական բումի մասին։

Թե հունվար-փետրվարի կտրուկ ակտիվությունից հետո մարտին ո՞րն է եղել շինարարության աճի գրեթե դադարելու պատճառը, հնարավոր կլինի ասել ավելի ուշ, երբ կհրապարակվի նաև ակտիվության կառուցվածքը։ Թեև կարելի է ենթադրել, որ նախկին խթաները, որոնք կապված էին հիմնականում վարկային միջոցներով իրականացվող շինարարության հետ, վերստին պասիվացել են։

Ամեն դեպքում, առայժմ բավարարվենք՝ արձանագրելով, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, մարտին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շինարարության աճը կազմել է ընդամենը 0,5 տոկոս։

Պատկերացնելու համար, թե այն ինչպիսի փոփոխություն է կրել, նշենք, որ հունվարին աճն ավելի քան՝ 22, իսկ փետրվարին` 21 տոկոս էր։

Չնայած այս դրսևորումներից դեռևս վաղ է հեռուն գնացող հետևություններ անել, այնուհանդերձ մեկ բան ակնհայտ է` շինարարության բումի համար այս պահին բավարար հիմքեր չկան։ Դա կապված է հասարակության եկամուտների հետ, և արհեստական գործիքներով անհնարին է երկարաժամկետ հատվածում լուրջ արդյունքներ ակնկալել շինարարության մեջ։

Ու որքան էլ պարբերաբար իրականացվող վերանայումների միջոցով Վիճծառայությունը փորձի տպավորություն ստեղծել, որ մարդկանց եկամուտները բավական ակտիվ ավելանում են, իրականությունը դրանից չի փոխվում. վերջին թարմացումից հետո պարզվում է՝ փետրվարին Հայաստանում ոչ միայն աշխատավարձի աճ չի գրանցվել, այլև անկում է եղել։ Մինչդեռ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշներում Վիճծառայությունը միջին աշխատավարձի լավ էլ բարձր աճ էր ներառել` 5,3 տոկոս։ Վերանայումից հետո նվազումը կազմել 0,4 տոկոս, որը, ինչքան էլ տխուր լինի, արձանագրվել է բացառապես տնտեսական հատվածում աշխատավարձերի անկման հետևանքով։

Այս ամենով հանդերձ, առաջին եռամսյակում վիճակագիրները Հայաստանում միջին աշխատավարձի 4,3 տոկոս ավելացում են դիտարկել։ Շա՞տ է, թե՞ քիչ, այնքան էլ էական չէ։ Փաստն այն է, որ դա է իշխանափոխության ազդեցությունն աշխատավարձի տեսքով մարդկանց ստացած եկամուտների վրա։ Թեև այդ աճը ևս խիստ կասկածելի է թվում։

Այսպես` 2018թ. առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 148,2 հազար դրամ։ Այս տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 146,5 հազար։ Բայց դա չի խանգարել, որպեսզի գրանցվի 4,4 տոկոսանոց աճ։ Ինչպես է ստացվել այդ թիվը, հավանաբար պետք է գուշակել։

Ամեն դեպքում, վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ Վիճակագրական ծառայությունն օր ու գիշեր մտածում է, թե ինչպես անի, որպեսզի տնտեսական ակտիվության վերաբերյալ հրապարակվող ցուցանիշները համապատասխանեն հայտարարված տնտեսական հեղափոխության տրամաբանությանը։ Ու այնպես է ստացվում, որ տվյալները հրապարակելուց հետո դրանց մի մասը հաջորդ շրջանում պարտադիր վերանայվում է։

Ինչևէ, տարեսկզբի առաջին երեք ամիսների ցուցանիշները վկայում են, որ չնայած Նիկոլ Փաշինյանի լավատեսական հայտարարություններին, այնուհանդերձ, Հայաստանի տնտեսության կառուցվածքը ոչ միայն չի բարելավվում, այլև գնալով ավելի ու ավելի է վատանում։ Տնտեսական աճին ամենամեծ նպաստը բերում են ծառայությունները։ Հաջորդ տեղում առևտուրն ու շինարարությունն են։ Մինչդեռ գյուղատնտեսությունը շարունակում է հետընթացը, իսկ արդյունաբերության մեջ ակտիվությունը շատ ցածր է։ Առաջին եռամսյակում այն կազմել է ընդամենը 2 տոկոս։ Աճի տեմպը նախորդ տարվանից 4 անգամ պակաս է։

Անկում է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Ու չնայած հայ-իրանական հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու վերաբերյալ ոչ վաղ անցյալում վարչապետի հնչեցրած հայտարարություններին` դա պայմանավորվել է հատկապես Իրան առաքվող էլեկտրաէներգիայի ծավալների կրճատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս