«Էնքան են տաքսին ֆռռցնում… մի տեղից մյուսն են քշել տալիս, ինչ ա՝ իրանց հետքը կորցնեն». տաքսու վարորդները՝ թմրանյութ օգտագործողների մասին
Ապրիլի 20-ին Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդների կողմից նշվեց Մարիխուանայի միջազգային օրը:
Նրանք նշում էին, որ կողմ են մարիխուանան ապաքրեականացնելուն, օրինականացնելուն:
168.am-ը հարցի վերաբերյալ փորձեց կարծիքներ հարցնել տաքսու վարորդներից, ովքեր գործի բերումով ավելի շատ են շփվում տարբեր մարդկանց հետ:
«Շատ են թմրանյութ օգտագործողները: Ամեն շենքի բակում ամենաքիչը 4-5 հոգու հաշվեք: Հիմա զարգացել են, հատ ու կենտ են «նաղդով» ծախողները. համացանցով են պատվիրում, փողն էլ քարտերին են փոխանցում, տեղն ասում են, գնում վերցնում են: Ասենք, ասում են՝ արի էն բորդյուրի վրից վերցրա: Նստում տաքսի՝ գնում վերցնում են: Մի անգամ դատարկ ծխախոտի տուփի մեջ դրած էր, մի անգամ էլ բլած «Մոսկվիչ» մեքենայի վրա էին թողել, մի տղա գնաց, վերցրեց, հետ եկավ ու նստեց տաքսի»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:
Մյուսն էլ, թե՝ «Էնքան են տաքսին ֆռռցնում… մի տեղից մյուսն են քշել տալիս, հետո ուրիշ տեղ, ինչ ա՝ իրանց հետքը կորցնեն, չբռնվեն, մարդու զահլա ա գնում: Երևի ուզում են մարիխուանան ազատականացնել, որ ավելի վատ տեսակները չօգտագործեն, բայց դա հարցի լուծում չէ, կախվածություն է առաջանում, էլ ո՞նց կարան դրա դեմն առնեն»:
«Ազգային արժեքներն են վտանգվում, սկսել են ազատ խոսել համասեռամոլների, մարիխուանայի մասին, էս ամեն ինչն ինձ շատ է անհանգստացնում: Իբր շատ էինք կարողանում երեխային նորմալ մեծացնել, հիմա էլ՝ սա: Գոնե սենց ծածուկ են օգտագործում, աչքներիս չեն երևում, պատկերացնո՞ւմ եք, ապաքրեականացնեն՝ ինչ ա կատարվելու»,- վրդովված նշեց մեկ այլ տաքսու վարորդ:
«Ես որ էն օրը վիդեո նայեցի ու դրանց տեսա Օպերայում, ուզում էի հասնեի ու լկտիներին էլ, տո իրանց գովազդողներին էլ տալ պատերին, ափսոս, Մեղրիում էի… Մի բան չեմ հասկանում, Հայաստանում թմրանյութեր պահելը, օգտագործելն ու տարածելը քրեորեն պատժելի ա, չէ՞, բա ո՞նց անենք, որ պատժեն, ու աչքներիս չերևան դրանք»,- հարց բարձրացրեց վարորդներից մեկը:
«Մարիխուանայի օգտագործումն առաջացնում է պարանոյա, սիրտը սկսում է արագ աշխատել, կաթված ստանալու հավանականությունը մեծանում է 5-7 անգամ, թոքերին է վնասում, հիշողությունն է վատանում… արա, բա ո՞նց կարա մարդ իրեն չխղճալ, կյանքի մասին չմտածել, ո՞նց: Ես մի ծանոթ ունեի, սկսել էր թմրանյութ օգտագործել, չկարողացավ կանգ առնել, կործանեց իրեն էլ, ընտանիքին էլ: Չեք պատկերացնի՝ օգտագործելուց հետո ինչքան ագրեսիվ էր դառնում: Հաշիվ չէր տալիս իր արարքներին: Իրանց տունը սեփական էր, դուրս էր գալիս բակ ու սկսում անիմաստ գոռալը, հայհոյելը, կոշիկներն էր հանում շպրտում, ապակիներն էր կոտրում ձեռքերով… ահավոր վիճակ էր: Ցավոք, հիմա էլ մեզ հետ չէ, ոչ մենք իրեն կարողացանք փրկել, ոչ ինքն իրեն: Հիմա ես էս ջահելներին եմ ասում՝ մի՛ արեք, կյանքը կարճ ա, մի՛ սպանեք ձեզ»,- հորդորեց տաքսու վարորդներից մյուսը:
Անի Կարապետյան