Ինչու է արտահանումը նվազել տնտեսության աճի պայմաններում՝ ըստ Ատոմ Մարգարյանի
«Գործարար հանրությունը հարմարվում է հետհեղափոխական իրավիճակին, տեղի են ունենում խորքային աննկատ պրոցեսներ, շատ բիզնեսներ այսօր պրեսինգի տակ են իրենց անցյալի հետագծի պատճառով, շատ բիզնեսներ վերակառուցում են իրենց վարքագիծը, նաև այսօր շատ արտադրողներ կամ գործարարներ վերակառուցում են իրենց բիզնեսը՝ առևտրից դեպի արտադրություն՝ տեքստիլ, տրիկոտաժ, իսկ որոշ ընկերություններ լուրջ խնդիրներ ունեն, օրինակ՝ «Սպայկան», որը շատ տիպական է: Դա հետհեղափոխական ադապտացիայի ածանցյալ էֆեկտ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ այս տարվա առաջին եռամսյակում 6.5% տնտեսական ակտիվության պայմաններում արտահանումը նվազել է 8.6%-ով:
Ըստ նրա՝ ՏԱՑ-ը շատ մեծ փոփոխություն չի կրել, նույն դինամիկայի մեջ է, բայց արտաքին հատվածում՝ թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումն անկում է գրանցել, ինչը բացատրվում է բիզնեսի այս կառուցվածքային հարմարեցումներով, նաև Ռուսաստանի ուղղությամբ իրավիճակի վատթարացմամբ.
«ՌԴ-ում տնտեսական պրոցեսները շարունակում են վարընթաց միտումներ դրսևորել սանկցիաների պատճառով, և դրան որպես հակընթաց արձագանք՝ ՌԴ իշխանությունների կողմից ներմուծման ծրագրերի լայնածավալ փոխարինմամբ: ՌԴ-ում խթանում են ներքին արտադրությունը, ներմուծումները փոխարինում են տեղական արտադրանքով: Նաև այս գործոնն է իր դերը խաղացել: Բայց սեզոնային ինչ-որ միտում էլ կա, հնարավոր է՝ առաջիկայում այս միտումները փոխվեն, հատկապես՝ գյուղատնտեսական մթերքի վերամշակման, արտահանման սեզոնին համընթաց՝ հնարավոր է՝ փոխվեն դրականի»:
Դիտարկմանը, որ ամսական կտրվածքով արտահանման անկման միտումը հետզհետե մեղմվում է, Ա.Մարգարյանը պատասխանեց, որ արտահանման նվազման միտումի վրա էապես ազդել են հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված կացությունը, խոշոր ընկերությունների վարքագիծը, նաև ներդրումային ծրագրերը, որ սառեցվել են.
«Այս գործոնն իր դերը ևս խաղում է, և երկարաժամկետ առումով այս միտումները կպահպանվեն, եթե սկզբունքային փոփոխություններ տնտեսական քաղաքականության մեջ չլինեն, հատկապես՝ տնտեսության իրական հատվածի խթանման որակապես նոր մոդելներ չդրվեն գործողության մեջ: Իսկ այդպիսի փաթեթներ մենք առայժմ չենք տեսնում, արտաքին հատվածի խթանման, արտահանումների մասով պետական ծրագրեր չենք տեսնում»:
Ա.Մարգարյանը մի գործոն էլ առանձնացրեց՝ կառավարության նոր կառուցվածքը, որի հետ կապված անորոշություններ, ռիսկեր կան, նաև ընդունվող որոշումների որակի անկումն իր դերն ունի, ինչը շատ կարևոր է.
«Առաջիկայում հնարավոր կլինի ինչ-որ բաներ շտկել, երբ կառավարության նոր կառուցվածքի պայմաններում իրական հասցեատերերի շրջանակը կհստակեցվի»:
«Նաև որպես գործոն կարելի է դիտարկել ԵԱՏՄ կառույցների աշխատանքի ցածր արդյունավետությունը, ինտեգրացիոն պրոցեսների ինքնաբերականությունը և դրա հետ կապված ռիսկերը: Գործոններ, որոնք ներդրումային թույլ ակտիվության ազդակ են: ՀՀ-ում ներդրումային ակտիվություն դեռևս չկա, այդ ներդրումային էյֆորիան, տնտեսական բումը, որի մասին խոսվում էր, նման պրոցեսներ չենք տեսնում առայժմ»,- հավելեց տնտեսագետը: