«Արգիշտի Քյարամյանի ունեցվածքի հետ կապված՝ կարող են հետաքննություն անել». Սանասարյան

«Արգիշտի Քյարամյանը պրոֆեսիոնալ է, իր գործի վարպետը։ Պետական վերահսկողական ծառայությունում (ՊՎԾ) իր աշխատանքի առաջին օրվանից մեծ օգուտներ է տվել։ Մարդն իր ֆինանսական միջոցների մասին բացատրեց, ու միանգամից հարձակումներ եղան։

Կարող եմ ասել, որ առաջին օրը մի քիչ լավ չբացատրեց կամ չուզեց բացատրել, հաշվի առնելով, որ կարողությունը ձեռք է բերել մինչև պետական որևէ աշխատանք տանելը»,- այսօր Մաշտոցի պուրակում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի ֆինանսական կարողությանը։

Հիշեցնենք, որ օրերս կառավարությունում լրագրողներն Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեցին, թե երիտասարդ տարիքում ե՞րբ է հասցրել կուտակել 32 մլն դրամ և 46 հազար դոլար, և ո՞ր աշխատանքներից են այդ գումարները գոյացել, Ա. Քյարամյանը նշել էր, որ էթիկապես ճիշտ չէ ուրիշի ունեցվածք հաշվելը:

«Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ կոռուպցիայի մեջ չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել, կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»,- ասել էր նա։
Այնուհետև, մեկ օր անց պարզաբանել էր, թե իր դրամական միջոցների մի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող մորեղբայրը։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետի հրամանով Արգիշտի Քյարամյանը  նշանակվել է ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ Արգիշտի Քյարամյանի ունեցվածքի հետ կապված՝ կարող են հետաքննություն անել։

«Մարմիններ կան, չէ՞, որոնց հետ դատարանում հանդիպելու ենք, թող պարզեն՝ այդ գումարները որտեղից են նրան։ Մարդն ասում է, որ առաջին օրվանից, երբ քննիչ է աշխատել, այդ գումարների մեծ մասն արդեն ունեցել է։ Լավ, եկեք ես էլ ուրախանամ, բոլոր քեռիներին շնորհավորեմ ու շնորհակալություն հայտնեմ։  Արգիշտին լուրջ գործով է զբաղված, և համոզված եմ, ավելի լուրջ գործերով է զբաղվելու»,- եզրափակեց Դավիթ Սանասարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս