Բաժիններ՝

«Բյուջեն հարկատուների հարկերից է գոյանում, նրանց կարծիքը հարցրե՞լ են». Հուշարձանագետը՝ Քաղաքացու օրվա 250 հազար դոլարի մասին

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար, հուշարձանագետ, բանահավաք Սամվել Կարապետյանն այսօր Քաղաքացու օրը չի նշելու և որևէ միջոցառման չի մասնակցելու, քանի որ այլ գործեր ունի։

Նրա խոսքով՝ Քաղաքացու օրվա հետ կապված՝ որևէ խնդիր չունի, խնդիրն այդ օրն անցկացնելու համար տրամադրված խոշոր գումարն է՝ 124 մլն դրամը, մոտ 250 հազար դոլար։

«Մեր բնակչության ներկա վիճակը վատ է, աղքատները շատ մեծ տոկոս են կազմում, մարդիկ հացի ու տանիքի խնդիր ունեն՝ Շիրակում և Լոռիում  նման վիճակ է, և այս պարագայում այդքան մեծ ծախս անելն ուղղակի անհասկանալի է։ Միայն այս ծախսը չէ, մեծ գումար էին տվել նաև Հանրապետության հրապարակի կենտրոնում տեղադրված տոնածառին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանը։
Նրա կարծիքով՝ առաջին հերթին՝ իշխանությունները պետք է մտածեն 3,5 հազար մետր բարձրության վրա, 2-3 մետր ձյան, սառույցի արանքներում դիրքեր պահող զինվորների մասին։

«Խոսքը պայմանագրային զինծառայողների, սպաների  մասին է, որոնք 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում կամ մի քիչ բարձր, նրանց տառապանքների արդյունքում է, որ մենք այսօր հանգիստ քնում ենք։ Մենք այդ մարդկանց ընտանիքների նկատմամբ պարտականություն ունենք։ Չեմ ուզում սուր բաներ ասել, բայց այստեղ բարոյական խնդիր կա, ինքս երբեք նման բան չէի անի, չնայած երբեք պաշտոնյա չեմ լինի, որ նման բան էլ անեի»,- շեշտեց հուշարձանագետը։

Նա նաև նկատեց, որ այսօր հաճախ են իշխանությունները հանրահավաք անում, ժողովրդի կարծիքը հարցնում, բայց ինչո՞ւ այս խնդիրների հետ կապված՝ ժողովրդի կարծիքը չեն հարցնում, ինչո՞ւ տոնածառ դնելուց առաջ չհարցրեցին քաղաքացիների կարծիքը։

«Եթե դիմեին ժողովրդին, չեմ կարծում, որ կասեին, թե մեզ թանկարժեք տոնածառ է անհրաժեշտ։ Կարող էին, չէ՞, այդ գումարով մի 4-5 հոգու տանիքով ապահովել, քան տոնածառը 10 օրով դնեին հրապարակում, կամ 250 հազար դոլար տային  Քաղաքացու օրվան։ Բյուջեն մեր հարկերից է գոյանում, ուրեմն կարելի էր այդ հարկատուներին հարցնել, ինչ կարծիք ունեն։ Իբրև քաղաքացի՝ ինձ համար առաջնայինն առաջին գծում կանգնած այն սպաներն են, որոնք անտուն են, և ընտանիքները վարձով են ապրում, սա նորմալ չէ։ Ես եղել եմ դիրքերում, գիտեմ՝ ինչ պայմաններում են ապահովում մեր անվտանգությունը, բա չե՞ն ուզում այնպես անել, որ այդ մարդիկ խաղաղ մտքով իրենց ծառայությունն անցկացնեն, իմանալով, որ իրենց ընտանիքները տուն ունեն»,- հավելեց Սամվել Կարապետյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս