«Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքն առաջին տեղում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ մարտի վաճառքների:
Առաջին հորիզոնականում է Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:
Երկրորդ տեղում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձև թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն՝ անպատշաճ հումորով։
«Երևանյան բեսթսելեր». «Աղջիկ ջան ուշքի արի» գիրքն առաջին տեղում է. փաստավավերագրական. մարտ, 2019
Առաջին հորիզոնականում է Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան ուշքի արի» գիրքը: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները
Gepostet von Armenpress am Donnerstag, 25. April 2019
Երրորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:
Չորրորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:
Հինգերորդ տեղում Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Վեցերորդ հորիզոնականում է Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը: ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին
համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։
Յոթերորդ հորիզոնականում է Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շերլոկը» ստեղծագործությունը: Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:
Ութերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:
Իններորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է, պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Տասներորդ հորիզոնականում է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը