Երևանում փորձել են սպանել 19-ամյա երիտասարդի
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին:
Դեպքը տեղի է ունեցել 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում: Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1995 թվականին, լարված հարաբերությունների մեջ գտնվելով 1999թ. ծնված երիտասարդի հետ, ատրճանակի 8 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող 8-9-րդ ողերի մակարդակի ողնաշարային խողովակի թափանցող, աջ ուսահոդի շրջանի հրազենային գնդակային կույր, աջ բազկոսկրի բազմաբեկոր փշրված կոտրվածք, բազկային զարկերակի և միջային նյարդի վնասումներով՝ ուղեկցված աջ բազկի ստորին երրորդականի հրազենային գնդակային միջանցիկ և լյարդի աջ բլթի, աջ երիկամի և զստակույրաղիքային մկանի վնասումներով՝ ուղեկցված որովայնի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության փորձի հանգամանքները, դեպքի վայրը, շարժառիթը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 24-ամյա երիտասարդը լարված հարաբերությունների մեջ է գտնվել տուժող 19-ամյա երիտասարդի, վերջինիս եղբոր և ընկերների հետ՝ նախկինում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունների հետևանքով:
Պարզվել է, որ 2018թ. օգոստոս ամսին՝ վիճաբանության ժամանակ, 24-ամյա երիտասարդը դանակով հարվածել է եղբայրներից մեկին, իսկ որոշ ժամանակ անց վերջինս դանակով և զենքով վնասվածքներ է պատճառել նրա ընկերոջը: Արդյունքում՝ ձևավորվել են լարված հարաբերություններ, որից հետո 24-ամյա երիտասարդը, մտածելով, որ իրեն վտանգ է սպառնում և ցանկացած ժամանակ իր հետ կարող են հաշվեհարդար տեսնել, ապօրինի ձեռք է բերել 9մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակ և 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, թվով 8 կրակոց արձակել 19-ամյա երիտասարդի ուղղությամբ հենց նրա շենքի բակում:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1995թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: