Ո՞ր պատգամավորները կստանան փոխհատուցում բյուջեից՝ բնակվարձի համար
7-րդ գումարման խորհրդարանում թվով 15 պատգամավոր դիմել է բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար։ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի պաշտոնակատար Հրայր Զորյանը 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է, որ պատգամավորներից 8-ն «Իմ քայլից» են, 6-ը` «Լուսավոր Հայաստանից», 1-ը` «Բարգավաճ Հայաստանից»։
Ինչպես ԱԺ-ում, այստեղ ևս, « Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը գլխավորում է խմբակցությունից բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմած պատգամավորներին. «Բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը, Սարգիս Ալեքսանյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արմեն Եղիազարյանը, Կարեն Սիմոնյանը, Աննա Կոստանյանը»։
«Իմ քայլը» խմբակցությունից դիմողներն են՝ Կնյազ Հասանովը, Արսեն Միխայելովը, Հովիկ Աղազարյանը. Վաղարշակ Հակոբյանը, Մաթևոս Ասատրյանը, Ռուստամ Բաքոյանը, Վահե Ղալումյանը, Լիլիթ Ստեփանյանը։ Ցանկը եզրափակում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության միակ պատգամավորը՝ Կարինե Պողոսյանը։
168.am-ի այն ճշտմանը, թե ճի՞շտ են պնդումները, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ՝ վարձավճարի համար դիմողների թիվն ավելին է՝ Զորյանը տեղեկացրել է, որ ավելացել է 4-ով, ապա հիշեցրել, որ 6-րդ գումարման պատգամավորների թիվը եղել է 105՝ այս գումարման 132-ի փոխարեն։
Ի դեպ, վարձակալության գումարի չափն ամսական 100 հազար դրամ է:
Զարուհի Դիլանյան