30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտերի պատճառով
30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտական գործողությունների պատճառով. անհանգստություն է առաջացնում մարտական գործողությունների սահմանագծին ապրողների ճակատագիրը: Այդ մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 25-ին: ԿԽՄԿ-ի կարծիքով՝ հումանիտար իրադրությունը Տրիպոլիի շրջանում կտրուկ վատթարացել է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Ավելի քան 30 հազար մարդ հարկադրված է եկել հեռանալ իրենց տներից. այն շրջաններում, որտեղ մարտական գործողություններ են ընթանում, դիտվում են էլեկտրականության մատակարարման հետ կապված խափանումներ:
«Մենք ամենից ավելի մտահոգված ենք խաղաղ բնակիչների ճակատագրով, որոնք ապրում են մարտական գործողությունների գծի մերձակայքում: Խիտ բնակեցված շրջաններն աստիճանաբար վերածվում են մարտադաշտերի»,-հայտարարել է Տրիպոլիում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավար Յունես Ռահուին:
Նրա խոսքով՝ համատարած գնդակոծումների պատճառով բուժաշխատողների համար ավելի ու ավելի վտանգավոր է դառնում վիրավորների տեղափոխումը:
Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ:
Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: