««Զոն» նայողների արտոնություններ, ինչ որ եղել է նախկին իշխանությունների ժամանակ՝ վերացված է». Արտակ Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ չպետք է զարմանալ այն հանգամանքից, որ բանտերում հայտնաբերվում են բջջային հեռախոսներ, քանի որ աշխարհի տարբեր բանտերում բջջային հեռախոսներ և սարքավորումներ հայտնաբերվում են։ Սակայն Հայաստանն այսօր գնում է այն ուղղությամբ, որ քրեակատարողական հիմնարկներում որևէ բջջային հեռախոս չլինի։
«Գիտեք, որ կոռուպցիոն ռիսկերն այս համակարգում բավականին մեծ են, քանի որ աշխատակիցների աշխատավարձերը շատ ցածր է, և 3-4 բջջային հեռախոս ներս տանելու դեպքում նրանք կարող են մեկ ամսվա աշխատավարձի չափով «վաստակ» ստանալ։
Մենք ամեն օր հայտնաբերում ենք ավելի շատ թվով բջջային հեռախոսներ, քան այդ օրն արձանագրվել է, որ բացահայտվել է։ Այն թաքստոցը, որտեղից հայտնաբերվել է ինտերնետ կապի սարքավորումը, հնարավոր է եղել բացահայտել միայն հատուկ տեխնիկայի ներգրավմամբ»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Հարցին՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն որոշեց ստուգումներ իրականացնել քրեակատարողական հիմնակներում, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ իրավական գնահատական տալ չի կարող, քանի որ այդ գործը դառնալու է դատական վերահսկողության առարկա, և դատական իշխանությունն է տալու դրա օրինականության վերաբերյալ գնահատականը։
Նա նկատեց՝ այստեղ որևէ մեկի կողմից ուղղորդում չի տեսնում։
«Ամեն ինչ կարգին լինելու վերաբերյալ, երբեք որևէ մեկը չի կարող որևէ բան հայտարարել, այն քրեական մշակույթը, որը կա մեր բանտերում, այնտեղ չի ծնվել և միայն անտեղից չի սնուցվում։ Ինչ վերաբերում է հարցին, թե բանտերում կա՞ն արտոնյալ մարդիկ, ապա պետք է ասեմ, որ մենք որևէ մեկին արտոնյալ պայմաններ չենք տալիս, և այլևս չկա որևէ խուց, որը չի խուզարկվում։ «Զոն» նայողների արտոնությունները, ինչոր եղել է նախկին իշխանությունների ժամանակ՝ վերացված է։ Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագանձվում։ Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է եղել, մեր իշխանության գալուց պայմաններում սա դադարել է»,- շեշտեց Ա. Զեյնալյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այժմ իրականացնում են օպտիմալացման աշխատանքներ, և նախատեսում են փակել երկու քրեակատարողական հիմնարկ՝ «Հրազդան» քրեակատարողականը և դատապարտյալների հիվանդանոցը, և դրանց հսկողության պահակակետերը փոխարինել ժամանակակից էլեկտրոնային հսկման մեխանիզմներով, որպեսզի կարողանան հաստիքները վերակազմավորել։
Արդարադատության նախարարը նաև տեղեկացրեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր պետք է մուտքագրվի նախարարություն:
«Դիմումը բավարարելու եմ, նա իր կամքն դրսևորել է ազատորեն, սա նրա որոշման հարցն է»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Զվարթ Խաչատրյան