Սանասարյանի պաշտպանը՝ Գլխավոր Դատախազի հայտարարության մասին

«Իրականում պետք է համատեքստի մեջ մեկնաբանվի, եթե մենք մեկնաբանում ենք գլխավոր դատախազի ասածները։ Նա, ընդհանուր առմամբ, լրագրողների հարցադրումներին կարծես թե պատասխանում է այն առումով, որ մենք տեղեկություններ չունենք, որ ուղղորդված է, և այլն, և փաստական տվյալներից ելնելով է մեղադրանք առաջադրելու որոշում եղել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը, թե ՝ «ըստ Էության, գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան՝ բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»՝ նշեց Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

«Ամեն դեպքում, հաշվի առնելով այն, որ այսօր քրեական դատավարությունը թույլ է տալիս մեզ այդ որոշումը բողոքարկել և այդ  բողոքը այսօր հենց գլխավոր դատախազի քննության առարկան  է, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէր նրա կողմից արդեն իսկ դրա փաստարկված լինել-չլինելու մասին կարծիք հայտնել»,- հավելում է պաշտպանը։

Ըստ նրա՝ դատախազի խոսքից երևում է, որ բողոքին ծանոթացել են և պատրաստվում են այդ ուղղությամբ ավելի լուրջ ուսումնասիրություններ իրականացնել.

«Եթե ամբողջական նայենք ելույթը, և դա ինչ-որ տեղ նաև հուսադրող է, որ Դատախազությունը պատրաստվում է մեր բողոքում բարձրացրած հարցերը քննության առարկա դարձնել, և հնարավոր է՝ դրա արդյունքում համոզվի պարոն Սանասարյանի առնչություն չունենալուն որևէ հանցագործության հետ։ Այնպես որ, եթե ասեմ, որ միանշանակ այս ելույթը ցույց է տալիս, որ Դատախազությունից օրինական որոշման սպասելիքներ այլևս չունենք, չեմ կարծում՝ այդպես է, ինչ-որ տեղ նաև կարելի է ենթադրել, որ լուրջ քննություն կլինի»։

168.am-ի հարցին՝ արդյոք  համամի՞տ է մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանի այն կարծիքի հետ, թե Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, իսկ ապացույցները՝ շինծու, Սարդարյանն այսպես արձագանքեց.

«Ես նման կարծիք չեմ հայտնել։ Հարգում եմ իմ կոլեգայի կարծիքը։ Ես ասել եմ և շարունակում եմ ասել, որ գործում առկա փաստական տվյալներն առերևույթ վկայում են այն մասին, որ Պարոն Սանասարյանն անմեղ է, իսկ մնացած մեկնաբանությունները քաղաքական բնույթ են կրում. դրա համար այդպիսի մեկնաբանություններ չեմ ցանկանում անել»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավվելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը:

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործով ընթանալու է օբյեկտիվ քննություն։

«Մի վայրկյան չկասկածեք՝ ընթանալու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն։ Ի՞նչ ունեցանք մենք, ըստ էության, գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան՝ բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»,- հայտարարել է գլխավոր դատախազը։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս