«Որտե՞ղ են փայլուն հայ-ռուսական հարաբերությունները… Պաշտպանեք ձեր քաղաքացուն, չեք կարողանում, մի ասեք, որ փայլուն են». Էդմոն Մարուքյանը՝ իշխանություններին
«Մենք ունենք շատ փայլուն հարաբերություններ, փայլուն ա ուղղակի, չեք պատկերացնում՝ ինչքան ա փայլուն հայ-ռուսական հարաբերությունները, մեկ էլ պարզվում ա, որ վերջին մի քանի ամիսներում միայն հայ վարորդներին են կանգնեցնում Ռուսաստանում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով վարել մեքենաները: Ուրեմն՝ այդ հարցը համ կառավարությունն ա ասում՝ ընթացքում ա, արդեն լուծվում ա, հեսա կլուծվի, ոնց որ բան չմնաց, խոսք են տվել, այսպիսով այն կլուծվի… էդ պրիմիտիվ տարրական հարցը մինչև էսօր իշխանությունը չի կարողացել լուծել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ ինքը հազարավոր նամակներ է ստանում, չգիտի՝ ինչ պատասխանի: Նա հարցադրում արեց՝ որտե՞ղ են փայլուն հայ-ռուսական հարաբերությունները. «Գոնե մի ասեք, էլի»:
Մարուքյանը կոչ արեց կառավարությանն այդ հարցով զբաղվել. «Պաշտպանեք ձեր քաղաքացուն: Չեք կարողանում պաշտպանել, մի ասեք, որ փայլուն են»:
Անդրադառնալով ռուսական ԶԼՄ-ները ՀՀ-ում փակելու մասին հարցին՝ Մարուքյանը նշեց, որ հայկական լրատվամիջոցները բազամազան են ու ազատ, և ռուսական քարոզչությունը, եթե անգամ կա, չի կարող ազդեցություն ունենալ այստեղ: