Կառավարությունը 714.000 դոլարով կավելացնի ԱԳՆ-ի բյուջետային հատկացումը 

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Արտգործնախարարությանը լրացուցիչ գումար հատկացնելու նախագիծը։

«Դիվանագիտական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2018 թվականի մայիսից ի վեր որդեգրվեց սկզբունքային քաղաքականություն՝ օտար երկրներում ՀՀ դիվանագիտության ներկայացուցիչներ նշանակել կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից։ Սա ի հայտ բերեց որոշ պահանջարկներ՝ ֆինանսական հաշվարկների առումով։ Քանի որ նախկինում դիվանագիտական ներկայացուցիչներ էին նշանակվել այնպիսի պաշտոնյաներ, որոնք ԱԳՆ համակարգիչ չեն եղել։ Նրանց մի մասն իրենց ցանկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցվող գումարներից, բնակարանների վարձակալումներից, և այլն։ ԱԳՆ-ում բյուջետային այս ծախսերը նախկինում ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չէին հատկացվել։ Նախկինում պետության կողմից չհատկացվող ծախսերը փակելու համար անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի մենք լրացուցիչ 347 մլն 522 հազար դրամի կամ 714 հազար դոլարի չափով ավելացնենք բյուջետային հատկացումը»,- կառավարության նիստում հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով արտգործնախարարի ներկայացրած նախագծին՝ նշեց, որ իր հիշելով՝ նախկինում ունեցել են դեսպանատներ, որոնք գրեթե պետական ֆինանսավորում չեն ունեցել։

«Ամեն դեպքում խորհրդարանական քննարկումներից այդպիսի վիճակներ հիշում եմ, և պետք է խոստովանել, որ այդպիսի կամ դրան մոտ իրավիճակներ ունեցել ենք։ Սա երբեմն տարօրինակ է, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ գոյություն են ունեցել պարզապես սեփական դեսպանատներ»,- նշեց վարչապետը։

Զոհրաբ Մնացականյանն էլ հաստատեց, որ այդպիսի իրավիճակ ունեցել են, և այդ հանգամանքն է, որ ի հայտ է բերել  խնդիրը, որը պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում:

«Մենք ուղղակի պետականացնում ենք պետական ծառայությունը, որը դիվանագիտական աշխատանքն է»,- եզրափակեց Զ. Մնացականյանը։

Ներկայացված նախագիծը կառավարության անդամներն ընդունեցին միաձայն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս