«Երբևէ չեմ մտածելու այլ երկրներում գտնել սեփական հանգիստս». Դավիթ Սանասարյանը շարունակելու է ապրել Հայաստանում և պայքարել հանուն ուժեղ Հայաստանի 

«Այսօր ես չեմ խոսելու իմ գործից, մնալու եմ օրվա խորհրդին համապատասխան իմ կեցվածքով։ Մնացածը՝ առաջիկայում բոլորիդ կհրավիրեմ, և կխոսենք այդ հարցերից»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Դավիթ Սանասարյանը նշեց, որ երբևէ կենացներով, հայհոյելով պատմական արդարության չեն հասնելու, ուստի «Նոր Հայաստանի» իշխանությունները և քաղաքացիները պետք է մեկ բան հասկանան՝ 104 տարի առաջ ինչ եղել է, դրա պատասխանն ուժեղ Հայաստան, հզոր տնտեսություն ու բանակ ունենալը պետք է լինի։

«Ինձ համար, առաջին հերթին՝ կարևորն այն է, որ ճանաչվեն ՀՀ քաղաքացու իրավունքները սեփական երկրում, որ նա իրեն վստահ զգա սեփական երկրում, բոլորը լինեն հավասար։ Հեղափոխությունից հետո այդ քաղաքականությունը տարվել է և տարվում է։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, կարծում եմ՝ իշխանությունների կողմից բալանսավորված քաղաքականություն է տարվում, և ավելի հստակ քաղաքականություն կարող ենք տանել, քան այսօր ենք տանում»,- նշեց Դավիթ Սանասարյանը։

Հարցին՝ որո՞նք են լինելու իր հետագա քայլերը, Դ. Սանասարյանը պատասխանեց, որ շարունակելու է ապրել Հայաստանում, պայքարել հանուն ուժեղ Հայաստանի և երբևէ չի մտածելու այլ երկրներում սեփական հանգիստը գտնելու մասին։

«Ինչ վերաբերում է իմ գործին, կուզեք՝ 360 աստիճան պտտվեք, նորից այդ հարցը տվեք, միևնույն է՝ նույն բանն եմ ասելու։ Ես վստահեցնում եմ, որ Հայաստանը դառնալու է շատ ուժեղ, այլ երկրները ոտք են գցելու՝ հավասարը հավասարի հետ։ Հեղափոխության սիմվոլը ՀՀ քաղաքացին է, եռագույն դրոշը, մեր զինանշանն է, և չեմ կարծում, որ հեղափոխության սիմվոլը ես եմ»,- հավելեց Դավիթ Սանասարյանը։

Հաջորդ հարցին, թե կառավարական տանը շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելիս ի՞նչ են քննարկել, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ իր կողմնակիցները հայտարարել են, որ, եթե Դավիթ Սանասարյանի անմեղությունն ապացուցվի, ապա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական տա, Դավիթ Սանասարյանը նկատեց՝ այդ մարդիկ ոչ թե իր կողմնակիցներն են, այլ ՀՀ-ում արդարության կողմնակիցները։

Թե ինչու ՀՀ կառավարության անդամների հետ չէր այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այլ եկել էր միայնակ, Դավիթ Սանասարյանը նշեց, որ իշխանությունը ՀՀ քաղաքացին է։

«Կապ չունի՝ ով ում հետ է գալիս Ծիծեռնակաբերդ, մենք բոլորս միասին ենք։ Առաջիկայում հանդես կգամ մամուլի ասուլիսով»,- եզրափակեց Դավիթ Սանասարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս