Բաժիններ՝

«Խփում են մարդկանց գրպանին, ովքեր 2 կոպեկ փող են աշխատում՝ ընտանիքը պահելու համար». Ավագանու անդամը՝ Քաղաքապետարանի որոշման մասին

Ապրիլի 19-ին Քաղաքապետարանի «Առևտրի վարչությունն» ու ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվող տնտեսվարողներին զրկել են էլեկտրականությունից, ինչի հետևանքով 127 աշխատակից մնացել է գործազուրկ, իսկ սրճարաններում առկա սննդամթերքը փչացել է:

«Հոսանքազրկումն արդար չէ: Երբ հեղափոխության ընթացքում շեշտվում էր, թե՝ ներդրում արեք, փոքր բիզնեսին աջակցելու ենք, լավ է լինելու ամեն ինչ, հիմա ուզում եմ հարցնել, թե այսպե՞ս է լավ լինելու: Երբ փոքր բիզնեսին չեք աջակցում, պետք չէ հոսանքն անջատել, այլ ժամանակին տվեք կարգավորումները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շարժական Սրճարանների Միության սեփականատեր Արեն Մելիքյանը:

Արեն Մելիքյանի կարծիքով՝ սա թիրախավորված արշավ է շրջիկ առևտրի կետերի դեմ, քանի որ դրանք գնալով ավելանում են, ուստի ենթադրում է, որպետք է թույլտվություն տրամադրվի նրանց, ովքեր սննդի նորմաների չափանիշերին համապատասխան պայմաններ են ստեղծում:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Քաղաղաքապետարանն ամեն կերպ ուզում էրտնտեսվարողների համար խոչընդոտ հանդիսանալ:

Կարդացեք նաև

«Քանի որ օրենքում կա բաց ու չի կարող խոչընդոտ հանդիսանալ, հետևաբար՝ որոշել են այսպես վարվել՝ դիմել ՀԷՑ-ին, որպեսզի հոսանքազրկի տվյալ օբյեկտները: Վատն այն է, որ մարդիկ են եղել, ովքեր ՀԷՑ-ի հետ պայմանագիր են ունեցել, բայց նրանց հոսանքն էլ են անջատել, ու սա՝ այն դեպքում, երբ Քաղաքապետարանը շրջիկ առևտրով զբաղվողների վերաբերյալ նախագիծ է մշակել, ուղարկել Կառավարություն: Այսինքն՝ չեն կարողանում 1-2 ամիս սպասել, հապշտապ սկսել են գործել ու մարդկանց զրկել են օրվա հացից»,- նշեց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Նրա փոխանցմամբ՝ շրջիկ առևտրի կետերի թիվն օր օրի ավելանում է՝ անձրևից հետո աճողսնկերի պես:

«Կան հետաքրքիր լուծումներ ունեցող շրջիկ առևտրի կետեր, և կան այնպիսիք, որ տգեղ են, օրինակ՝ «Երազը» բերել ԱԳՆ-ի դիմացկանգնեցրել եմ, սակայն, կարծում եմ, որ գոնե կրեատիվների դեպքումկարող էին համաձայնության գալ, ոչ թե պատժամիջոցներ կիրառեին, այն դեպքում, երբ օրենքը գտնվում է մշակման փուլում: Այստեղ Քաղաքապետարանի մեղքն է, տվյալ հարցը, 2-3 ամիս է՝ շրջանառության մեջ է, ու իրենք այսքան ձգձգեցին, փետրվարի վերջին նոր նախագիծը կառավարություն են ներկայացրել: Սա անհանդուրժողականություն է քո քաղաքացիների հանդեպ, կարելի էր թույլ տալ, որ 2-3 ամիս աշխատեին, մինչև օրենքը կմտներ ուժի մեջ:

Մարդիկ հոսանքի, կարմիր գծերի համար գումար են վճարել, իրենց չեն կարող ձեռք տալ: Խփում են մարդկանց գրպանին, ովքեր 2 կոպեկ փող են աշխատում՝ իրենց ընտանիքը պահելու համար: Մեր քաղաքային իշխանություններին հարիր չէ նման քայլի գնալը»,- նշեց Միքայել Մանրիկյանը:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ Քաղաքապետարանում բազմաթիվ քննարկումներ են եղել հարցի հետ կապված:

«Որոշել են բոլորին հանել, մինչև օրենքն ուժի մեջ կմտնի ու աճուրդ կլինի: Բայց այստեղ խնդիր կա. Օրինակ, աճուրդին կարող է մասնակցել հարուստ կազմակերպություն, և եթե, ասենք, Կենտրոնում 30 տեղ է հատկացվում,կարող է 30 տեղի տենդերը հաղթի՝ տարբեր մարդկանց ներգրավելով, ու փոքր տնտեսվարողներն ավտոմատ դուրս են մնում»,- մանրամասնեց Միքայել Մանրիկյանը:

Հիշեցնենք, որԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Գույքագրման և համատեղ ստուգայցերից հետո առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ շրջիկ առևտրի կետերն իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ: Զեկուցվել է նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն իսկ ապամոնտաժել է անօրինական լարանցումները:

«Մենք մի կողմից՝ փորձում ենք ամբողջ քաղաքում կրպակները հանել, որոնք փաստացի խանգարում են Երևանի բնականոն զարգացմանը, մարդկանց տեղաշարժին, հիմա էլ այդ նույն կրպակներից դնում են մեր ավտոկայանատեղիների վայրերում: Շարժական առևտուրը հենց նրանով է շարժական, որ ամեն օր տարբեր վայրերում ես առևտուր իրականացնում:

Եվ շարժական մեքենան, այո, որևէ լարանցում չպետք է ունենա: Այդ պարագայում ևս ստացվում է, որ եկել են կայանել երկարատև գործունեության համար: Ես լսել եմ, որ դժգոհություն կա տնտեսվարողների կողմից, բայց այդ դժգոհությունն ամենևին էլ տեղին չէ, որովհետև մենք թույլ չենք տալու, որ նոր կրպակներ առաջանան, այն էլ՝ արդեն ավտոկայանատեղիներում: Ոչ մի տարբերություն չկա կցորդի և կրպակի միջև, որն ուղղակի անիվներ ունի: Մենք քաղաքը տանում ենք առաջ, չենք տանում հետ՝ 90-ականների, որ ով, որտեղ, ինչ ուզում՝ դնում էր և սկսում էր վաճառել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Երևանում շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև՝ ժամերը և օրերը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս