
Սաուդյան Արաբիան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին իրանական նավթին վերաբերող որոշման համար

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ասաֆը հայտարարել է, որ թագավորությունը երախտագիտություն է հայտնում իրանական նավթի գնման պատժամիջոցներից բացառությունների վերացման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման առնչությամբ։
Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չի երկարաձգի այդ բացառությունները: Սպիտակ տունն այդ կերպ հույս ունի իրանական նավթի արատահանումը կրճատել մինչեւ զրո: «Թագավորությունը լիովին պաշտպանում է ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը՝ դրանք համարելով անհրաժեշտ՝ իրանական վարչակարգին հարկադրելու դադարեցնել ապակայունացման քաղաքականությունը, ահաբեկչության օժանդակումն ու հովանավորումն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը, ում խոսքը մեջբերում է Սաուդյան Արաբիայի SPA նորությունների գործակալությունը:
Նախարարը նշել է, որ թագավորությունը կշարունակի շուկաների կայունացմանը միտված իր քաղաքականությունը: «Թագավորությունն իր գործողությունները կհամակարգի նավթի մյուս արտադրողների հետ՝ սպառողներին նավթի համապատասխան մատակարարումների ապահովման նպատակով, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության կայունության եւ աճի ապահովման համար»,- հավելել է Ալ Ասաֆը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: