«Իմ քայլը» խմբակցությունը մի քանի քննիչ հանձնաժողով կստեղծի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է մի քանի քննիչ հանձնաժողովներ ստեղծել։ Այսօր խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ նման հանձնաժողովների անհրաժեշտություն կա հանքարդյունաբերության, ջրօգտագործման հետ կապված, և այլն։

«Սա նախնական քննարկում էր, երկուշաբթի օրն այդ հարցը կվերջնականացնենք»,- ասաց նա։

Հիշեցմանը, որ վարչապետն օրերս հանդիմանել էր, որ ԱԺ-ում արդեն պետք է գործեին մի քանի քննիչ հանձնաժողովներ, Լ.Մակունցը հորդորեց «հանդիմանանք» բառը չգործածել և նման կաղապարների մեջ չտեղավորել, որովհետև կառավարության հետ ԱԺ-ն բավականին կառուցողական աշխատանքային հարաբերություններ ունի, և նշեց, որ հանձնաժողովներ ստեղծել իրենք նախքան վարչապետի խոսքն են ծրագրել.

«Ես համաձայն եմ, որ այն ներուժն ու գործիքները, որ ունի Ազգային ժողովը, մենք պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել։ Հասկանալի է, որ որպես խորհրդարանական պետություն՝ 2019 թվականից մենք սկսում ենք լիարժեք գործել, և այդ գործիքներն օգտագործելը նույնպես ժամանակ է պահանջում։ Իրականում վերահսկողական գործիքները հնարավորություն են տալիս մեզ հաջողություններ գրանցել»։

Ըստ նրա՝ չի բացառվում, որ քննիչ հանձնաժողովները բացահայտումներ կանեն և կուղարկեն իրավապահ մարմիններին։

Լ.Մակունցը նշեց, որ չեն քննարկել նախորդ խորհրդարանում գաղտնալսումների կապակցությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի հարցը, որի աշխատանքներն անավարտ են մնացել.

«Եթե նկատել եք, մենք փորձում ենք հանրային հնչեղություն ունեցող խնդիրների նկատմամբ խորհրդարանական վերահսկողական գործիքներով վերահսկողություն սահմանել, և դա տեղի էր ունենում, մասնավորապես, պաշտոնյաներին խմբակցություն հրավիրելով ու հարցեր ուղղելով, նրանց հետ աշխատելով»։

Նրա խոսքով՝ այդ պաշտոնյաների հետ աշխատանքը հետագայում էլ շարունակվել է՝ քաղաքացիների դիմումների հիման վրա և այլն, միաժամանակ իրենք իրենց համար օրակարգեր են սահմանել և խնդիրների հրատապության կարգով քայլեր կձեռնարկեն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930