Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամը նիստերի դահլիճից դուրս հրավիրեց «Իմ քայլը» խմբակցության անդամին՝ իրեն երկար նայելու համար
«Ես հասկանում եմ, որ մենք այստեղ ունենք ավագանու անդամներ, որոնք քաղհասարակության ակտիվ անդամներ են եղել, և այս պահին քաղհասարակությունն անապատացված վիճակում է մնացել, քանի որ բոլորը եկել են գործադիր կամ քաղաքային իշխանություն։ Ուստի որևէ կերպ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ է նշանակում՝ լինել ավագանու անդամ, և իրենց աշխատանքն ինչպես պետք է կազմակերպեն։
Բացառապես շաբաթը 7 օր, օրը 24 ժամ նրանք ակտիվ աշխատում են միայն ֆեյսբուքյան հարթակում, չեմ կարծում, որ նրանց Ֆեյսբուքից են ընտրել։ Եթե գործընթացներն այսպես շարունակվեն, և կլոր սեղանի շուրջ աշխատանքները ճիշտ չկազմակերպվեն ավագանու շրջանակներում, և բացառապես ֆեյսբուքյան ստատուսների մակարդակով այս ամենը կազմակերպվի, նման մարդիկ թող չլինեն ավագանու անդամ, սա պարզապես հորդոր է և կոչ»,- այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով ավագանու անդամների ընդհանուր գործողություններին ու պահվածքին սոցիալական ցանցերում։
Ըստ նրա՝ եթե ավագանու անդամն ընտրվել է Ֆեյսբուքից, կարող է ենթադրել, որ Ցուկերբերգն էլ ընտրական հանձնաժողովի նախագահն է եղել։
Այնուհետև, Հ. Առաքելյանի ռեպլիկից հետո ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը դահլիճից դուրս հրավիրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին՝ նշելով, որ վերջինս իրեն երկար է նայել, ուստի պետք է «հաշիվներ պարզի»։
Չնայած րոպեներ անց ավագանու երկու անդամներին էլ բերեցին նիստերի դահլիճ։
«Ես որևէ մեկի հետ հաշվեհարդար տեսնելու խնդիր չունեմ, թշնամանք չկա, որ ես հաշվեհարդար տեսնեմ, զայրացա, որ շատ երկար էր ինձ նայում, նրան դուրս հրավիրեցի, որպեսզի հասկանամ, թե ինչո՞ւ է այդքան երկար ինձ նայում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Ներսիսյանը։
Զվարթ Խաչատրյան