Բաժիններ՝

Շրի Լանկայի բնակիչները երեք րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը

Շրի Լանկայի բնակիչներն ապրիլի 23-ի առավոտյան երեք րոպե լռությամբ հարգել են ապրիլի 21-ին իրականացված պայթյունների զոհերի հիշատակը: Այդ մասին հայտնել է Ada Derana տեղական լրատվական պորտալը:

Հիշատակի ակցիան սկսվել է ապրիլի 23-ի ժամը 8:30-ին (Երեւանի ժամանակով 7:10-ին): Սգո ազգային օրվա կապակցությամբ իշխանությունները խնդրել են բնակիչներին սպիտակ դրոշներ կախել տների մոտ: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 310 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում:

Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է ապրիլի 23-ից երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման մասին: Բացի այդ, ինչպես գրում է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը, երկրի Ազգային անվտանգության խորհրդում որոշում է ընդունվել ընդլայնել ուժային կառույցների լիազորությունները՝ հասարակական անվտանգությունն ապահովելու համար:

Ավելի վաղ Adaderana նորությունների պորտալը հայտնել է, որ Շրի Լանկայի զինված ուժերը հայտարարել են շուրջ հազար զինծառայողներ Կոլոմբո ուղարկելու մասին՝ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ իրավակարգի ապահովման համար: Երկրի կառավարությունը տեղի ոստիկանության կենտրոնակայանում եւ պաշտպանության նախարարության շենքում կբացի օպերատիվ հակազդման եւ հատուկ գործողությունների նախապատրաստման կենտրոններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս