Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր
Հայաստանի Էրեբունի օդանավակայանում ռուսական 3624-րդ ավիացիոն բազային 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներ կմատակարարեն ներկայում սպառազինության մեջ առկա ՄիԳ-29 ինքնաթիռների փոխարինման համար: Ընդամենը պլանավորվում է մատակարարել 18 մեքենա: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մի աղբյուր:
«Ավիաբազայի վերազինումը Սու-30ՍՄ-ներով պլանավորվում է սկսել արդեն հաջորդ տարի: Ինքնաթիռները կստացվեն երկու փուլով՝ 2020 – 2021 թվականներին: Պլանավորվում է Սու-30ՍՄ-ներով փոխարինել բոլոր 18 ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնցով ներկայում թռչում են ավիաբազայի օդաչուները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ինքնաթիռների հավաքակազմի նորացումը պլանավորվում է անցկացնել երկու փուլով, որպեսզի չդադարեցվի ավիաբազայի կողմից առաջադրանքների կատարումը, քանի որ օդաչուական անձնակազմը պետք է անցնի նոր մեքենաների վերաուսուցման ծրագիրը: «Երբ ինքնաթիռներն սկսեն ստացվել, օդաչուական կազմի մի մասը վերաուսուցման կուղարկվի Լիպեցկի ավիակենտրոն, մյուս մասը կշարունակի ծառայությունն Էրեբունիի ավիաբազայում»,- ճշտել է աղբյուրը: