«Պաշտոնյաները վախենում են որոշում կայացնել՝ սպասում են, թե ի՞նչ կասի Փաշինյանը». Ահարոն Ադիբեկյան

«Որ կողմ էլ նայում ես, գյուղատնտեսություն, առաջատար տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, մեզ մոտ դեռ ոչինչ չի փոխվել: Փաշինյանը կարևորում է գյուղատնտեսության զարգացումը, որովհետև հումքը մերն է, կա Ռուսաստանի նման շուկա, մնում է մի փոքր խնդիր, ինչպե՞ս հավաքել, բերել, վերամշակել, որպեսզի արտոնագիր ստանաս, որ ՌԴ-ում կարողանաս ապրանքը վաճառել: Գյուղացին միայնակ դա չի կարող անել: Միջնորդներին էլ օգտակար է հումքը տանել, վաճառել, քանի որ այնտեղ թանկ է, չեն սպասում վերամշակմանը: Մեզ մոտ փոստային փոխանցումները, ներդրումները կրճատվել են, և սպասել, որ արդյունաբերությունը կծաղկի՝ դա կլինի մեծամտություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ամենատխուրը կառավարման համակարգի ոչ պրոֆեսիոնալ լինելն է: Մի 3 ծրագիր է իմ ձեռքի տակով անցնում ու հենց հասնում է իշխանությանը՝ դառնում է պրոբլեմ: Հենց մենք գտնում ենք, որ սա իրականացվող է, մեկը մյուսի վրա է գցում, վախենում են որոշում կայացնել, որովհետև այդ կարողությունը չունեն: Վախենում են ամեն ինչից, բա որ ասեն՝ կաշա՞ռք ես վերցրել: Իսկական դեմոկրատիան սա է. քեզ պաշտոն են տալիս, ասում են՝ ինչ որոշումներ կարող ես կայացնել միայնակ, առանց վերևի հարցնելու: Մեզ մոտ բոլորը գնում է վերև, թե ի՞նչ կասի Փաշինյանը: Հիմա երեք ծրագիր կա, փորձում են հանդիպել վարչապետին, որ գնահատական տա, թեև ասում են՝ ինչ լավ է, գումարները դրսից բերում են, բայց մնում է կառավարման հին տեխնոլոգիան: Բերում, պաշտոնյային ասում ես՝ սա պետք է որոշես, ասում է՝ գիտեմ, բայց թող մի հատ վերևից զանգ տան»,- հավելեց նա:

168.am-ի հարցին՝ այդ ի՞նչ երեք կարևոր ծրագրեր են, որ ձեռքից ձեռք են անցնում, ու որոշում չեն կայացնում, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.

«Օրինակ, Ռուսաստանում հիմա տանիքները փոխում են ու կղմինդր են դնում, քանի որ այն քաղցկեղածին չէ: Սա փոխելու արդյունքում նաև բնակչին հնարավորություն ես տալիս ունենալ հանգստի գոտի, ասենք՝ արհեստանոց, և այլն: Այդ շենքերի օրինակները կան: Կոմունալ բաժնի վարիչն ասաց, որ լավ միտք է, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության վարչության պետն էլ, թե՝ շատ լավ գաղափար է, մենք տանիքների վերանորոգման ներդրում պետք է անենք, այդ շենքերի գումարները կտանք ձեզ, բայց կղմինդրն ու մանսարդները դուք պետք է բերեք: Առ այսօր գործն առաջ չի գնում, ստիպված Փաշինյանին նամակ ենք գրել:

Նախ՝ աշխատատեղ է ստեղծվում, կղմինդրի արտադրությունը կզարգանա, հումք կբերեն, շինարարական աշխատանքները կակտիվանան: Երկրորդ ծրագիրն այն է, որ Էրեբունիում ուզում են հանգստի գոտի ստեղծել: Դեպի Նուբարաշենի գերեզմաններ տանող հատվածը բավականին ամայի է: Ներդրող կա, մինչ օրս գործն առաջ չի գնացել: Երրորդ ծրագիրն էլ այն է, որ մեկը կա՝ ասում է, որ կարող է օֆշորային, ապօրինի գումարները հետ բերել: Նամակներ են գրել ՀՀ վարչապետին, դատախազին, դեռ որևէ որոշում կայացված չէ: Այդ մարդուն արտոնագիր է անհրաժեշտ»:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս