Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ շանս ստացավ. Յուլյա Տիմոշենկո
«Բատկիվշչինա» ուկրաինական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, մեկնաբանելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, երկրին շնորհավորել է վերափոխվելու եւս մեկ շանս ստանալու կապակցությամբ եւ կոչ է արել խորհրդարանին՝ թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին։
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է ապրիլի 21-ին: Դրան մասնակցել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ առաջին փուլի առաջատար Զելենսկին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ Զելենսկին ընտրությունների առաջատարն է՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 73 տոկոսը: «Ես ցանկանում եմ Ուկրաինային շնորհավորել նախագահական ընտրարշավի ավարտվելու, իսկ ամենագլխավորը՝ վերափոխվելու եւս մեկ շանս ստանալու կապակցությամբ…
Այս ընտրություններից հետո մարդիկ տարիներով չեն սպասի փոփոխությունների, ուստի մեզ հարկավոր է համատեղ պատասխանատվության վերադառնալ այդ փոփոխությունների համար: Հարկավոր է, ինչպես ապրիլի 21-ին նախագահն (Պյոտր Պորոշենկոն) է ասել, թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին»,-ասել է Տիմոշենկոն՝ Խորհրդարանական խմբակցությունների համաձայնեցման խորհրդի՝ ապրիլի 22-ին կայացած նիստի ընթացքում:
Քաղաքական գործիչը նաեւ կոչ է արել Ռադային՝ նոր նախագահին հնարավորություն տալ փոխելու իր քվոտայով ուժայիններին: «Ես ցանկանում եմ դիմել ամբողջ խորհրդարանին, որը դեռ պետք է կես տարի աշխատի, որ նա ծանրաքար չդառնա փոփոխությունների թեւերի վրա: Եվ պետք է նոր նախագահին անհապաղ հնարավորություն տալ՝ փոխելու ուժայիններին՝ գլխավոր դատախազին, անվտանգության ծառայության ղեկավարին, պաշտպանության նախարարին»,-ասել է Տիմոշենկոն:
Նրա կարծիքով՝ ընտրողների 73 տոկոսը նրա համար չի քվեարկել փոփոխությունների օգտին, «որպ այս կառավարություը հանդուրժի եւս կես տարի»: «Եթե այս խորհրդարանին թեկուզ մի կաթիլ խիղճ է մնացել, ապա պետք է հնարավորություն տալ ձեւավորելու նոր կառավարություն»,-հավելել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: