«Դեռ հիմքեր չեմ տեսնում պնդելու համար, որ կլինեն բեկումներ ԼՂ հակամարտության ներկայիս գործընթացում»․ փորձագետ

«Իմ տպավորությամբ՝ բոլոր միջնորդ երկրները ներկայումս ելնում են պատերազմի չվերսկսման ցանկությունից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով Վաշինգտոնում նախարարական հանդիպում կազմակերպելու մասին տեղեկություններին։

Հիշեցնենք, որ հնարավոր այս հանդիպման մասին ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը՝  նշելով, որ Վաշինգտոնը հանդես է եկել նման առաջարկով։ Մամեդյարովի խոսքով՝ ԱՄՆ-ից հրավիրել են այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ձեռք բերելու համար։

Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով:

«Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին, համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:

Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը»,- նշել էր Աննա Նաղդալյանը։

Փոլ Սթրոնսկին ասաց, որ որպես համանախագահ երկիր՝ ակտիվացած բանակցային գործընթացում Միացյալ Նահանգները պատրաստ է դառնալ հարթակ, նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կայացմանը, ուստի, օգտվելով կողմերի պատրաստակամությունից՝ շարունակել գործընթացը, Միացյալ Նահանգները փորձում է ակտիվ արձագանքել ստեղծված իրավիճակին։

Ըստ նրա, համանախագահ բոլոր երկրները, ելնելով ստեղծված մթնոլորտից, որը ոչ միանշանակ է, փորձում են նպաստել գործընթացին։

«Այլ հարց է, որ ստեղծված իրավիճակը, թեև կան պայմանավորվածություններ, բազմակողմ եզրափակիչ հայտարարություններ, բայց կրկին կան կողմերի կայուն դիրքորոշման կարգավորման գործընթացի վերաբերյալ, խոսքը թե՛ ձևաչափի, թե՛ կարգավորման սկզբունքների մասին է։ Դեռ չկա զիջումների պատրաստակամություն, բայց կա գործընթաց վարելու ցանկություն, որի ընթացքում կողմերն ունեն ակնկալիքներ, որ հակառակորդ կողմն ինչ-որ դիրքորոշում կփոխի այդ ընթացքում։ Բայց դա պետք է երկկողմանի գործընթաց լինի։ Ուստի դեռ հիմքեր չեմ տեսնում պնդելու համար, որ կլինեն բեկումներ ներկայիս գործընթացում, քանի որ դեռ բուն կարգավորմանը կողմերը չեն հասել»,- ասաց Սթրոնսկին։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ներգրավվածությանը կարգավորման գործընթացին՝ Սթրոնսկին ասաց, որ ոչինչ չի փոխվել Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը այս գործընթացում դասական միջնորդ երկիր է։

«Իմ տպավորությամբ՝ բոլոր միջնորդ երկրները ներկայումս ելնում են պատերազմի չվերսկսման ցանկությունից, այս հարցում նրանք ունեն կոնսենսուս։ Չեմ կարծում նաև, որ, բացի հումանիտար նախաձեռնություններից, կողմերն իրենց հանդիպումներում առաջընթաց են գրանցել կարգավորման բովանդակություն ունեցող փաթեթների ուղղությամբ։

Կարծում եմ՝ հումանիտար նախաձեռնությունների ուղղությամբ առաջընթացով կողմերը ցույց են տալիս միմյանց, որ պատրաստակամ են շարունակել կառուցողական շփումները։ Թե որքան այն կառուցողական կլինի ապագայում՝ դժվար է ասել։ Իսկ Վաշինգտոնյան հանդիպումը կլինի հերթական հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, կարծում եմ՝ այս դեպքում վայրն արդյունք չի կանխորոշում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս