Սարսափելի պատմություններ Աբխազիայի թափառական շների մասին․ jam-news.net

Կենդանիների պաշտպանների պատմությունները, որոնք պայքարում են Աբխազիայում շների ոչնչացման ավանդույթի դեմ և հույս ունեն հաղթահարել հասարակության անտարբերությունը:

Այս խնդիրը երկու մասից է բաղկացած։

Մեկն այն է, որ Աբխազիայի փողոցներում հարյուրավոր, եթե չասենք հազարավոր թափառական շներ կան։ Դրանք ոհմակներ են կազմում և վտանգավոր են բոլորի համար՝ և երեխաների, և մեծերի։ Շատ են մարդկանց վրա հարձակվելու դեպքերը։

Մյուս խնդիրն այն է, որ մարդիկ ընդհանուր առմամբ լուծումը տեսնում են ոչ ապաստաններ ստեղծելու, շներին բուժելու և ստերջացնելու մեջ։ Մարդիկ մեծ մասամբ լուծումը տեսնում են շներին սպանելու մեջ։ Կրակելով սպանելու։

Եվ ամեն ամիս աճում է թե առաջինի, թե թափառական շների և թե նրանց սպանելու կողմնակիցների թիվը։

Խնդիրը

Միայն Սուխումի շուկա ամեն օր շան ձագերով երեք տուփ են բերում և թողնում այնտեղ։ Այդ ձագերի կյանքը երկար չի լինում։ Դրանք սատկում են կամ սովից և հիվանդություններից, կամ մեքենաների տակ ընկնելով։

«Մենք խղճում ենք նրանց, կերակրում, սակայն հետո նրանք ինչ-որ տեղ են անհետանում, հավանաբար՝ սատկում են։ Դրանց տեղն ուրիշ ձագեր են հայտնվում։ Սա ճակատագրական շրջապտույտ է», – ասում է շուկայի բանջարեղենի վաճառող Լարիսա Ցկուան։

Աբխազիայում ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքը ողբերգական է։ Փողոց են գցում ոչ միայն շան ձագերի։ Այնտեղ են հայտնվում նաև ընտանի մեծ շները, որոնք ինչ-որ պատճառով դադարել են տերերին գոհացնել։ Վերջում կպատմենք այդպիսի երկու պատմություն՝ երկուսն էլ երջանիկ ավարտով։ Սակայն երջանիկ ավարտը հազվադեպ բան է, այնպես որ, ավելի կարևոր է խոսել այլ բանի մասին։

«Տոպան» և  Սայիդան

Աբխազիայում շների մեկ ապաստան կա՝ «Տոպան»։ Այն գտնվում է Գագրա քաղաքում, այդտեղ ապրում է 90 մեծ շուն և 27 շան ձագ։

Նրանց բոլորին փողոցից են բերել՝ հիվանդ։ Որոշներին մեքենաներն են վրաերթի ենթարկել, մյուսներին դեն են նետել աղբամանները, երբ դրանք ծնվել են։ Կան այնպիսի շներ, որոնց խոշտանգել են և կտտանքների ենթարկել։ Այդպիսի դաժանության օրինակներ է բերում ֆեյսբուքյան իր էջում կենդանիների պաշտպան Մակա Պիլիան Գուդաութայից։

Բոլոր 117 շներին ապաստանում պետք է բուժել։ Սակայն, ինչպես ասում է Սայիդա Օտիրբան, որը ստեղծել է ապաստանը, գլխավորն այն է, որ նրանց հաջողվել է փրկել ոչնչացումից։

«Տոպայի» պատմությունը սկսվել է 2016թ-ին այն բանից, երբ սպանել են Սայիդայի շանը։

«Փողոցներում «սեզոնային զտումներ էին», և իմ շուն Բագիրային թունավորեցին։ Չէ՞ որ մեզ մոտ ոչ ոք չի նայում՝ կա վզկապ, թե՝ ոչ։ Մեկ շուն գնդակահարելու համար ծառայությունների աշխատակիցներին վճարում են 500 ռուբլի [մոտ $8], բնականաբար, նրանք, ովքեր դրանով զբաղվում են, աշխատում են շատ շուն սպանել շատ վաստակելու համար», – ասում է Սայիդան։

Քայլ առ քայլ Սայիդա Օտիրբան Աբխազիայի և Ռուսաստանի կամավորների աջակցությամբ ապաստան է կառուցել։

Այն բացվել է 2018թ-ի փետրվարին։ Այստեղ «Տոպայի» Ինստագրամն է և շների պատմությունները։ Բացման օրվանից մինչ այսօր ապաստանը գործում է Սայիդայի և ոչ անտարբեր մարդկանց միջոցներով։

Այդ ընթացքում մոտ 200 շուն է բուժվել, կերակրվել, պատվաստվել և ստերջացվել։ Սակայն բոլոր թափառական շներին կենդանիների սակավաթիվ պաշտպանները չեն կարող իրենց խնամքի տակ առնել։

Մակա Պիլիայի և կենդանիների այլ պաշտպանների նախաձեռնությամբ Գուդաութա և Թքուարչալ քաղաքներում փողոցային և տնային շների և կատուների ստերջացման ակցիաներ են անցկացվում․ դա Աբխազիայում թափառական շների պոպուլյացիայի կրճատման ամենամարդկային եղանակն է, վստահ են կամավորները։

«Ստերջացումից  և ստերիլացումից հետո կենդանին չի կարող սերունդ տալ, դա նշանակում է, որ Աբխազիայի փողոցներում ավելի քիչ թափառական շներ և կատուներ կլինեն,- ասում է Մակա Պիլիան։ – Ավելին, վիրահատությունից հետո կենդանու բնավորությունն ավելի մեղմ է դառնում։ Ստերջացումը կենդանուն բազմաթիվ հիվանդություններից պաշտպանելու միջոց է»։

Ի՞նչ կարելի է անել

Երեք տարի Սայիդա Օտիրբան իշխանության աջակցությունն է հայցում։ Սակայն միակ բանն, ինչ նրանք առաջարկում են, թափառական շներին ոչնչացնելն է։ Դրանով Աբխազիայում զբաղվում է «Հատուկ ավտոտնտեսություն» անվամբ կառույցը։ Հայտնի է, որ Սուխումում կենդանիներին ոչնչացնելու վրա բյուջեից 800 հազար ռուբլի է տրամադրվում[մոտ $13 հազար]։

«Ես իշխանություններին խնդրում եմ այդ գումարը մեզ տալ․ մենք դրանով կկարողանանք փողոցներն ագրեսիվ թափառական շներից պաշտպանել, կտրուկ կկրճատենք դրանց քանակն ու ոչ մի շուն չի սատկի», – ասում է Սայիդան։

Սակայն դեռևս ոչ ոք չի պատրաստվում քննարկել ռեսուրսները նման կերպ ծախսելու հարցը։ Հասարակության մեծ մասը նույնպես կողմ է շներին սպանելուն և դեմ է կենդանի պաշտպաններին այդ խնդիրը լուծելու հնարավորություն տալուն։ Չափազանց շատ են մարդկանց, հատկապես՝ երխաների վրա շների ագրեսիվ ոհմակների հարձակման դեպքերը, և շատերը կողմ են կայունության հասնելու կտրուկ միջոցներին։

Դեռևս միակն, ով արձագանքել է կենդանիների պաշտպանների օգնության կոչին, Գագրայի շրջանի այժմ արդեն նախկին ղեկավար Զաուր Բգանբան է։ Նա Աբխազիայում շների առաջին «պաշտոնական» ապաստանի կառուցման համար Սալմա գյուղում հող է տրամադրել։

2018թ-ի օգոստոսին Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան այս պահի դրությամբ միակ «մարդկային» հրահանգն էր տվել։ Նա բոլոր ադմինիստրացիաների ղեկավարներին պարտավորեցրել էր «ապահովել թափառական շներին բռնելու, ստերիլացնելու և ժամանակավոր ապաստաններում պահելու գործընթացը»։ Հրահանգի համաձայն՝ վիրահատությունից հետո կենդանիներին պետք է ազատ արձակեին։ (Փաստաթղթի պատճենը JAMnews խմբագրության տնօրինության տակ է)։

Կենդանիների պաշտպաններն այդ պահին թեթևություն զգացին և որոշեցին, որ հետհաշվարկ է ընթանում, և թափառական շների տանջանքներն անցյալում են։ Սակայն 2018թ-ի հոկտեմբերի 8-ին Գենադի Գագուլիան զոհվեց ավտովթարի հետևանքով։ Նրա հրահանգը չկատարեց ոչ մի ադմինիստրացիայի ղեկավար։

Երկու պատմություն՝ երջանիկ ավարտով

Այս լուսանկարում կարմրամորթ աղջիկ քերծե է (մեզ ավելի մոտ) և բաց շագանակագույն աղջիկ կուրցախաար։ Երկու ջահել ցեղական շներին ինչ-որ մեկը փողոց էր գցել։ Նրանք արդեն սատկում էին սովից և տարբեր վնասվածքներից, երբ Սայիդան նրանց հանդիպեց:

Նա չի կարողացել շներին ապաստան տանել, որովհետև ազատ տեղեր չեն եղել, սակայն սկսել է նրանց համար սնունդ տանել այնտեղ, որտեղ նրանք պատսպարվում էին, հիմնականում՝ ծովի մոտ։ Միաժամանակ Սայիդան սկսել է սոցցանցերում լուսանկարներ հրապարակել և խնդրել մարդկանց փրկել շներին։

Եվ տերերը գտնվել են։ Երկու աղջիկներն էլ Մոսկվա են մեկնել, այժմ նրանք սիրող ընտանիք ունեն։ Մի քանի ամիս է անցել, նրանք այժմ այսպիսի տեսք ունեն․

Իսկ սա՝ Ֆանյան։

ԱՆԱՍՏԱՍԻԱ ՆԻԿՈՆՈՎԱ
Սուխում

jam-news.net

Տեսանյութեր

Լրահոս