Բաժիններ՝

Արգենտինական քոլեջում հայ երաժշտության, հայկական նվագարանների պատմությունը դասավանդվում է որպես առանձին առարկա

Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության մասնագիտական քոլեջում հայ երաժշտության, հայկական նվագարանների պատմությունը սկսել է դասավանդվել որպես առանձին առարկա: Նախաձեռնությունը Արգենտինայում բնակվող երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դա մեկ օրվա գործ չէ, այն արդեն 22 տարի իր հետևողական աշխատանքի արդյունքն է:

«Պաշտոնապես արգենտինական քոլեջում հայ մշակույթը ընդունվեց որպես առանձին առարկա: Շատ հպարտ եմ, ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան: Այս քայլի միջոցով օտարազգի երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական երաժշտությանը, ժողովրդական գործիքներին: Ես կարծում եմ, որ մշակույթը Հայաստանը ճանաչելու կարևոր բանալին է»,-ասաց Գագիկ Գասպարյանը:

Երաժիշտը պատմում է, որ հայ մշակույթը, որպես առանձին առարկա դասավանդելու իր առաջարկը շատ ոգևորությամբ ընդունվեց: Եվ դա պատահական չէր, որովհետև տարիներ շարունակ նա հետևողական աշխատել է Արգենտինայի երաժշտության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների հետ և ներկայացրել հայկական երաժշտությունը:

«Երբ առաջարկով հանդես եկա քոլեջի ղեկավարությանը, այն շատ ուրախությամբ ընդունվեց: Ի դեպ, առաջին դասախոսությունը կայացել է ապրիլի սկզբին, լսարանում մեծ ոգևորություն էր տիրում: Ներկաներին հետաքրքրիր էր մեր պատմությունը, մեր մշակույթը: Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք մեր մշակույթը կարողանում ենք ճիշտ շեշտադրմամբ ներկայացնել, ապա այն օտարազգիներին հետաքրքիր է: Արգենտինայում հայերը 100 տարի է ապրում են: Եթե սկզբում փակված ենք եղել, ապա վերջին տարիներին այլ միտում է նկատվում: Ձգտում ենք ավելի լայն շրջանակին ներկայացնել մեր մշակույթը՝ համագործակցելով արգենտինացի երաժշտագետների հետ: Այսօր հասել եմ այն փուլին, որ հայ մշակույթը ներկայացնելու առաջարկներն արդեն ինձ են անում»,-ասաց Գագիկ Գասպարյանը: Նա նկատեց, որ Արգենտինայի այլ կրթական հաստատությունների հետ ևս ընդգրկուն համագործակցություն կա: Տարվա ընթացքում Հայաստանից հրավիրված երաժիշտների հետ համերգներով ու դասախոսություններով են հանդես գալիս: 2015 թվականին էլ Չիլիի Մշակույթի նախարարությունը որոշում ընդունեց ամբողջ մեկ տարին նվիրել հայ մշակույթին: Այդ ընթացքում հայկական երաժշտության, գործիքների, պատմության մասին 15 դասախոսություններ են կարդացվել:

Գագիկ Գասպարյանը նշեց, որ տարվա ընթացքում հայ տարբեր երաժիշտների է հրավիրելու, որպեսզի իրենից բացի Կորդոբայի երաժշտական կրթության քոլեջում դասախոսությամբ հանդես գան:

«Ծրագրի մեկնարկը միայնակ եմ տվել, բայց ուզում եմ ընդգրկել այլ երաժիշտների, որ իրենք էլ իրենց ներդրումն ունենան: Շատ մեծ գործ է հայ մշակույթը օտար երկրներում ավելի լայն շրջանակին ներկայացնելը: Իմ ցանկությունն է ամեն տարի երաժիշտների, ժողովրդական, լարային, փողային գործիքների կատարողների հրավիրել»,-ասաց նա: Գագիկ Գասպարյանը նկատեց, որ հայ մշակույթը ներկայացնելու իր ծրագրերը նաև զբոսաշրջային նշանակություն ունեն: Շատերը ոչ միայն պարզապես հետաքրքրվում են հայ մշակույթի պատմությամբ, այլև ցանկություն են հայտնում հենց տեղում ծանոթանալու Հայաստան երկրին: Եվ արդեն Արգենտինայից 37 անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան ուղևորվելու համար:

Հարգելի ընկերներ ձեզ եմ ներկայացնում իմ աշխատանքներից մեկը՝ "Երաժշտությունն առանց սահմանների" խորագրով։ Այս աշխատանքի նպատակն է աշխարհին հայկական Դուդուկով ներկայացնել աշխարհռչակ ստեղծագործություններ, որպեսզի աշխարհը ճանաչի դուդուկի անսահմանափակ երաժշտական հնարավորությունները , առաջին անգամ է այս ստեղծագործությունը կատարվում դուդուկով , ձեզ եմ ներկայացնում հունական Սերտակին՝ Դուդուկի կատարմամբ և ակուստիկ գիտառի ընկերակցությամբ, որի կատարողն է Արգենտինացի երաժիշտ, Alejandro Montero. Հատուկ շնորակալություն եմ հայտնում տաղանդավոր թառահար և լավ ընկեր Armen Yeganyanin ձայնամշակման աշխատանքները կատարելու համար ։

Gepostet von Gagik Gasparyan am Sonntag, 7. April 2019

Գագիկ Գասպարյանը տարիներ շարունակ աշխատել է հայկական երաժշտությունը, հայկական երաժշտական գործիքները, հատկապես դուդուկը Արգենտինայի, Հարավային Ամերիկայի լայն շրջանակին ններկայացնելու համար՝ դուդուկով հնչեցնելով արգենտինական մեղեդիներ: Հիմա նա նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ «Երաժշտությունն առանց սահմանների» ծրագրով: Գագիկ Գասպարյանը նշեց, որ ծրագրի շրջանակում դուդուկով կհնչեցվեն աշխարհահռչակ երգերը՝ ինչպես արգենտինական տանգոն, հունական սիրտակին, Մոցարտի ստեղծագործությունները և այլն: Նա արդեն երկու տարի է աշխատում այս ծրագրի վրա:

Գագիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ նաև ձեռնամուխ է եղել հայկական մշակույթի մասին պատմող փաստագրական ֆիլմի նկարահանմանը՝ տեղի ֆիլմարտադրող ընկերություններից մեկի հետ համագործակցությամբ: Ներկայացվելու է հայկական պար, ճարտարապետություն, խոհանոց, պատմություն և այլն: Ֆիլմի մի հատվածն արդեն նկարահանված է, նախատեսվում է նկարահանող խմբի այցելություն Հայաստան՝ տեղում աշխատելու համար:

Աննա Գզիրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս