Հոկտեմբերի 2-ի դատարկ աղմուկը

Երեկ Սահմանադրական դատարանը ուշագրավ որոշում է ընդունել, համաձայն որի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ, քանի որ այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հավաքել էր էլեկտրոնային քարտերը, կողմ քվեարկեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որտեղ ամրագրված դրույթի համաձայն` եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները բացակայել են` իրենց կամքից անկախ, և դրա հետևանքով քվորում չի եղել, ապա նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ կընդմիջվի: Եվ այս պարագայում նիստը նորից կշարունակվի միայն այդ խոչընդոտների վերացման պարագայում:

Այս փոփոխությամբ խորհրդարանականները փորձում էին վիժեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի սցենարը, որը պատրաստվում էր ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով ճնշում գործադրել խորհրդարանի վրա, որպեսզի իր հրաժարականից հետո կազմակերպված 2 ընտրությանն էլ խորհրդարանական գործընկերները չմասնակցեին և չգնային արտահերթ խորհրդարանական ընտրության։

Սակայն այս փոփոխություններին կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հակահեղափոխականներ» անվանեց և իր կողմնակիցներին կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի:

Նույն գիշերը նա հայտարարեց կառավարությունում մյուս երկու կուսակցությունների՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչներին, այդ թվում՝ մարզպետներին, պաշտոնանկ անելու մասին:

Իսկ հանրային ճնշման ներքո էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ թե 21 օրվա ընթացքում ստորագրեց նախագիծը, այլ այն վիճարկեց Սահմանադրական դատարանում, որն էլ երեկ քննարկել է հարցը ու որոշել, որ Փաշինյանի բարձրացրած աղմուկն անտեղի էր՝ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, և Արմեն Սարգսյանը ստիպված կլինի վավերացնել այն։

Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնել է։ Այսօր ունենք այն, ինչ ունենք։
Նիկոլ Փաշինյանն իրականացրեց իր` «Կամ վարչապետ կլինեմ ես, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» ուլտիմատումը։

Իսկ վաղը մենք, թերևս, կարող ենք ականատես լինել «սահմանադրական կարգի տապալում» ֆիլմի հաջորդ սերիային` նոր հերոսով ու նոր մեղադրյալով։

Այդ օրերին, հիշեցնենք, տարբեր վերլուծաբանների և քաղաքական գործիչների կողմից կարծիքներ էին հնչում, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է կրիտիկական այդ իրավիճակում վճռականություն ցուցաբերեր, և ոչ թե իր որոշումները համաձայնեցներ ամբոխի ցանկությանը։

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց , որ ինքը գիտեր, որ օրենքը սահմանադրական է դեռ հոկտեմբերի 1-ին։

Տեսանյութեր

Լրահոս