Փաշինյանի կարծիքով՝ իր հանդեպ չափից շատ ուշադրությունը ստվերում է թիմակիցների կատարած աշխատանքը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունը շատ հաճախ ստվերում է իր թիմակիցների աշխատանքը: Դրա հետևանքով շատերի մոտ կարծիք է առաջանում, որ վարչապետը միայնակ աշխատում է բոլորի փոխարեն: Այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 19-ին՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում պատասխանելով այս մասին հնչեցված հարցին:

«Երբեմն ինձ թվում է, որ և՛ մամուլը, և՛ սոցցանցերը չափից ավելի մեծ ուշադրություն են դարձնում ինձ վրա և չեն նկատում մեր թիմի բազմաթիվ անդամների աշխատանքը: Չեմ ասում, որ մեր թիմում բոլորը կատարյալ են, բայց տեսնում եմ, որ այս մեղադրանքների, կանխավարկածի 90 տոկոսն ուղղակի հիմնավոր չէ: Մարդիկ աշխատում են, և այն արդյունքները որ ունենք, թիմային աշխատանքի արդյունք է»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօրինակ շեշտադրումների պատճառով իրեն մեղավոր է զգում:

Նա նկատեց, որ, բնականաբար, լիարժեք գոհ չէ կառավարությունում և իր թիմում բոլորի աշխատանքից: «Բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ ես ինքս էլ իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ: Եվ եթե ես իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բնականաբար չեմ կարող լիարժեք գոհ լինել ուրիշների աշխատանքից: Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ մեր թիմակիցները շատ հաճախ ուղղակի անարդար են քննադատության ենթարկվում: Շատ հաճախ նաև քաղաքական մանիպուլյացիաների պատճառով»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նկատեց, որ իր գործունեության ընթացքում մշտապես պատասխանել է և շարունակելու է անարձագանք չթողնել իր հասցեին հնչող որևէ մեղադրանք: «Ես կարծում եմ, որ, այո, ամեն մեղադրանքի պետք է արձագանքել: Իմ սկզբունքը դա է, և ես իմ ընտանիքին էլ եմ ասել, որ մենք մեր հասցեին որևէ բան չպետք է անարձագանք թողնենք: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ ենք մենք այդ ամենի մասին մտածում, որն է մեր վերաբերմունքը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս