«Եթե էդ մարդն իրական կյանքում ոչ մի բան չի արել, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդն իրավունք ունի՞ Ծառուկյանի անունը գոնե ասելու». Գագիկ Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանին

«Ամենակարևորը դատարկ-դատարկ խոսալը չի, այսօր ժողովուրդը սպասում ա գործի, փոփոխությունների, տնտեսական, ասենք թե՝ առօրյայում, գործունեության, ներդրում…

Եթե մարդիկ իրական կյանքում, ես նոր ճշտեցի, իրական կյանքում ինքը ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել ա՝ որպես հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդն իրավունք ունի՞ Ծառուկյանի անունը գոնե ասելու: Նա համեմատական կարգով պետք է նայի՝ ում մասին ա խոսում, համեմատական նայի՝ ինչ ա արել, իրականում Ծառուկյանն ինչ ա արել: Ու մարդը պետք է հասկանա, թե ինչ ա ասում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե որևէ ասելիք չունի՞ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքերի:

Ըստ Գ. Ծառուկյանի՝ ամեն մեկը դերի մեջ է մտել, թե ով ավելի երկար կխոսի, բայց դա ժողովրդին չի հետաքրքրում, ժողովուրդը սպասում է փոփոխության ու բարեկեցության:

Դիտարկմանը, որ պատգամավորի աշխատանքի մաս է կազմում նաև ելույթներ ունենալը, իսկ Ծառուկյանը տարիներ շարունակ չի արել դա, հնարավո՞ր է՝ վերանայի իր գործելաոճը, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց, որ, եթե ամեն մի պատգամավոր իր աշխատանքի գոնե 3%-ն արած լիներ, մեր երկիրը կբարգավաճեր: Ծառուկյանը նշեց, որ իրենց խմբակցության պատգամավորները, ելույթներից ու առաջարկներից առաջ, ընդհանուր քննարկում են, իրենց աշխատանքը միասնական է. «Մենք էսօր թիմ ենք, մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի»:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս