Բաժիններ՝

Հնդկաստանում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Հնդկաստանում ընթացող համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մոտավորապես 160 մլն ընտրողներ ապրիլի 18-ին իրենց ձայնը կտան 11 նահանգներում եւ միութենական տարածքներից մեկում: Ընտրական տեղամասերը տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30-ին) բացվել են Ասամի, Բիհարի, Ջամուի եւ Քաշմիրի, Արեւմտյան Բենգալիայի, Կառնատակայի, Մահարաշտրայի, Մանիփուրի, Օդիշայի, Թամիլնադի. Ութար-Փրադեշի, Չխաթիսգարխի նահանգներում եւ Փուդուչերի միութենական տարածքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, ընտրությունները կընդգրկեն 95 ընտրատարածք, որտեղ պայքար են մղում 1629 թեկնածուներ: Ընդհանուր առմամբ մոտավորապես 900 մլն մարդ կարող է մասնակցել համընդհանուր խորհրդարանական ընտրություններին, որոնք Հնդկաստանում սկսվել են ապրիլի 11-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, այս քվեարկությունը կարող է համաշխարհային պատմության մեջ ամենաընդգրկունը դառնալ ընտրողների թվով:

Ընտրությունները նաեւ կարելի է ամենաերկարը համարել աշխարհում: Դրանք բոլոր 29 նահանգներում եւ յոթ միութենական տարածքներում անցկացվում են յոթ փուլով (ապրիլի 11-ին, ապրիլի 18-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, մայիսի 12-ին եւ մայիսի 19-ին): Ձայների հաշվումը պետք է ավարտվի մինչեւ մայիսի 23-ը:

Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, եւ «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած է Ռահուլ Գանդին, որը սերում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջեւ:

Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը եւ արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս