
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս պարզվեց, որ Հունգարիան դեռ մեկ ամիս առաջ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Սակայն ուշագրավ է, որ այս մասին առաջինը հայտնել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ: Աշոտյանն ակնհայտորեն շարունակում է նման թեմաները «բզբզել» և հերթական անգամ նյարդայնացնել գործող իշխանություններին՝ Բունդեսթագում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասով, Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հետ կապված և այլն: Ի դեպ, երբ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին լրագրողները հարցրել են՝ ինչո՞ւ է Աշոտյանը հայտնում նման տեղեկությունը, ոչ թե իշխանության ներկայացուցիչները, Եղոյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Օգտակար գործով է զբաղված պարոն Աշոտյանը»:
Հասկանալի է, որ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնած Հունգարիայի հետ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց այդ երկիրը ԵՄ անդամ է, և կարելի էր հարցի վերաբերյալ նախապես տեղեկություն ստանալ Բրյուսելի ՀՀ դեսպանության միջոցով կամ Երևանում գործող ԵՄ դեսպանատնից: Ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ-ԵՄ պայմանագրի հետ կապված գործընթացներում հասարակության տեղեկացվածության ապահովումը մնացել է ՀՀԿ-ի հույսին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: