Լիբիայում մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 147-ի
Լիբիայում շարունակվող մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 147-ի, վերքեր է ստացել 614 մարդ: Այդ մասին ասված է երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստորաբաժանման հաղորդագրության մեջ: «Ճգնաժամ Լիբիայում. 147 զոհված եւ 614 վիրավոր: ԱՀԿ-ն վիրաբուժական բրիգադներ է տեղավորել Տրիպոլիի շրջանի հիվանդանոցում վիրավորներին օգնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ, որ հրապարակված է կազմակերպության Twitter-ում:
Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ: Նաեւ բանակի օդուժը հարված է հասցրել Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետեւանքով չեղարկվել են բոլոր չվերթները:
Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:
Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: