
Ինչպե՞ս պետք է լուծվի օպտմալացման արդյունքում պետական համակարգից դուրս մնացող աշխատակիցների հարցը. Պարզաբանում է նախարարը

«Մենք ունենք լայն թրեյնինգների նախագիծ՝ «Աշխատիր Հայաստան», որի մշակման փուլը շուտով կավարտվի: Դրա շրջանակներում մեծ տեղ է տրվում տեխնոլոգիական ընկերությունների ներուժին, որոնք ուզում են մասնակցել՝ իրենց գիտելիքների փոխանցման առումով, և մենք ստեղծելու ենք այդ հնարավորությունները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով խնդրին, թե օպտմալացման արդյունքում պետական համակարգից դուրս մնացող աշխատակիցների հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:
Ըստ նրա՝ ՏՏ ոլորտի շատ ընկերություններ նույնիսկ անվճար, անհատույց ցանկանում են մասնակցել ու կրթել մարդկանց: Հ.Արշակյանը նշեց, որ, եթե այդ ընկերությունները ստանան իրենց ակնկալվող արդյունքը, պատրաստ են աշխատանքի վերցնել որոշ մարդկանց:
«Դա իրականացվելու է ամբողջ Հայաստանի տարածքով՝ անկախ պետական համակարգից: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ցանկանում են կրթվել, սովորել նոր տեխնոլոգիաներ, շուկային համահունչ, կարողանալու են գալ և մասնակցել»,- ասաց նախարարը:
«Աշխատիր Հայաստան» նախագծի մեկնարկը, հիշեցնենք, նախատեսվում է տալ մայիսին: