Ուրախությունից կգոռամ երևի. այսպես կարձագանքի Սրբուհի Սարգսյանը «Եվրատեսիլում» հաղթելու դեպքում
Համաեվրոպական երգի ամենամյա մրցույթին՝ «Եվրատեսիլին» մեկ ամիս է մնացել։ Մրցույթը կանցկացվի Թել Ավիվում, մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին։
Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները։ Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը՝ Սրբուհի Սարգսյանը (Սրբուկ) իր օրակարգի, անելիքների ու զգացողությունների մասին պատմեց «ՀՀ»-ին։
-Կարճ ժամանակ անց Ձեզ կտեսնենք «Եվրատեսիլի» բեմին։ Ի՞նչ զգացողություններ ու հույզեր ունեք, հատկապես որ երկրորդ կիսաեզրափակիչում հանդես եք գալու առաջին համարի ներքո։
-Իսկապես կարճ ժամանակ է մնացել, չափազանց կարճ (ժպտում է)։ Զգացողություններս ինչպես մրցույթի նախապատրաստական սկզբնական փուլում, այնպես էլ հիմա չափազանց խառն են։ Նույնիսկ հիմա ավելի եմ դժվարանում նկարագրել, թե ինչ եմ զգում ու որքան դժվար է միշտ կազմ-պատրաստ լինել՝ երգելու, պարելու, նկարահանվելու, հարցազրույց տալու համար։ Այս շարքն անվերջ է… Ինչ վերաբերում է առաջինը ելույթ ունենալուն, ապա դա վստահաբար ավելացնում է պատասխանատվության զգացումը։
-Նախապատրաստական աշխատանքները ո՞ր փուլում են, ամբողջությամբ պատրա՞ստ եք արդեն մրցույթին։
-Այժմ գտնվում եմ փրոմո—տուրերի շրջանում։ Նոր եմ վերադարձել Ամստերդամից, շուտով մեկնելու եմ Մադրիդ։ Զուգահեռաբար նախապատրաստվում ենք բեմական ելույթիս՝ անվերջ փորձեր, նկարահանումներ, էլի փորձեր՝ վոկալի, բեմական շարժուձեւի, հագուստի։
-«Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական էջում «Walking out» տեսահոլովակը այս պահի դրությամբ ամենաշատ դիտումներ եւ հավանումներ ունեցողներից է։ Դա հաղթանակի համար կանխատեսումներ անելու հիմք տալի՞ս է։
-«Եվրատեսիլում» ամեն ինչն է կարեւոր, սակայն գլխավորն այն երգն է, որով ներկայանալու ես եւ թե ինչպես ես կատարելու այն։ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է, որն իր շուրջը կարեւորում է նաեւ այլ բաղադրիչներ։ Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակի դիտումներին, ապա ինձ իրականում դա ուրախացնում է, որովհետեւ դա խոսում է այն մասին, որ երգը եւ տեսահոլովակի կոնցեպտը սիրվել են, իսկ դա հենց այն է, ինչ պետք է արտիստին։
-Հասարակության շրջանում հաճախ է տեսակետ հնչում, թե «Եվրատեսիլն» ավելի շատ քաղաքականություն է, քան երգի մրցույթ։ Ոմանք անգամ առաջարկում են պարզապես չմասնակցել։ Դուք ի՞նչ եք կարծում։
-Նման մտքերով ու տրամադրվածությամբ հաստատ չարժե գնալ մրցույթին մասնակցելու։ Ես գնում եմ երգի տոնի, նոր ծանոթություններ ձեռք բերելու, ներկայացնելու այն, ինչ սիրում եմ։ Մնացածը ցույց կտա ժամանակը։
-Ո՞ր երկրի ներկայացուցչին եք համարում Ձեզ մրցակից եւ ինչո՞ւ։
-Մրցակից են բոլոր մասնակիցները՝ առանց բացառության։ Բոլորն էլ ուժեղ են, տաղանդավոր։ Բոլորս էլ պայքարելու ենք առավելագույն լավ արդյունք ցույց տալու համար։
-Ժամանակից առաջ ընկնելով, մի պահ պատկերացնենք՝ հաղթել եք… Ինչ եք կարծում, ինչպե՞ս կարձագանքեք այդ լուրին։
-Ուրախությունից կգոռամ երեւի։ Ու հաստատ կսկսեմ արագ—արագ խոսել, քանի որ զգացողություններս ու էմոցիաներս կխեղդեն ինձ։ Առաջ Աստված։
-Կա՞ մրցույթին վերաբերող այնպիսի գաղտնիք կամ նորություն, որը կուզեիք կիսել մեր ընթերցողների հետ։
-Սիրով կցանկանամ տեղեկացնել, որ շուտով իմ երկրպագուները հնարավորություն կունենան լսելու «Walking out» երգի դաշնամուրային քավրը, ինչպես նաեւ ռեմիքսը։ Հուսով եմ, որ նրանք կսիրեն նաեւ երգի նոր տարբերակները։
-Ձեզ հրաշալի ելույթ եւ հաղթանակ ենք մաղթում։
-Անչափ շնորհակալ եմ ջերմ արձագանքի համար։ Այն իսկապես ինձ ուժ է տալիս։
Թամարա Մուրադյան