Բաժիններ՝

ՊԵԿ-ը գնում է ճնշման ճանապարհով. Սուրեն Պարսյան. «Փաստինֆո»

«Բիզնես տեսանկյունից խախտման համար որպես պատժամիջոց կալանքի կիրառումը մեծ վնաս կարող է հասցնել ցանկացած ձեռնարկության, և այս տեսանկյունից «Սպայկա»-ի բողոքն արդարացի է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու

Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ ՊԵԿ-ը գնում է ճնշման ճանապարհով։

Նրա խոսքով հնարավոր էր հաշիվների վրա կալանք դնել կամ գումարը վճարելու համար ընկերությանը ժամանակ տրամադրվեր։ Այս դեպքում հավաքագրումը կարելի էր կատարել ավելի գրագետ ու կազմակերպված՝ առանց ավելորդ աղմուկի, հատկապես, որ երկու ամսից սկսվելու է մթերումների շրջանը։ ««Սպայկա»-ն այդ շրջանում օգտագործում է բանկերի կողմից տրամադրվող մեծ քանակությամբ շրջանառության միջոցներ, որոնք ուղղվում են տարբեր համայնքներում գյուղմթերքի ձեռքբերմանը։ Գյուղացիների համար էլ կարևոր է իրենց ապրանքի դիմաց կանխիկ գումար ստանալը։ Այսինքն կառավարության այս կտրուկ որոշումը մի քանի ամիս հետո էլ խնդիր է առաջացնելու», – ասաց Սուրեն Պարսյանը՝ ավելացնելով, որ «Սպայկա» ընկերությանը բաժին է հասնում գյուղմթերքի արտահանման 25% և ՀՀ-ի ընդհանուր արտահանման 5%-ը, ինչը լուրջ ցուցանիշ է։

«Կառավարությունը պետք է հասկանա, որ երբ հարվածում է տնտեսության մեջ զգալի դերակատարում ունեցող խոշոր ընկերություններին, այդ հարվածը զգում է ամբողջ տնտեությունը։ Եթե անգամ պատժելու խնդիր կա, ապա նախքան հարվածելը պետք է գոնե թուլացնել նման ընկերությունների ազդեցությունը տնտեսության վրա։ Ցավոք Կառավարությունը վարում է կացնային քաղաքականություն», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի պնդմամբ՝ այս դեպքում վնասվել է ընկերության հեղինակությունը, որը արտաքին փոխառություններ ձեռք բերելիս դժվարություններ է ունենալու։ «Սպայկա»-ի այդ ծրագրերի մասին էին խոսում նրա հետ կապված Կառավարության նախորդ տարում ընդունած որոշումները, որոնք այդպես էլ թղթին կմնան։ «Երբ Կառավարությունը հայտարարում է, որ տարվա ընթացքում ունենալու ենք 800 մլն դոլարի ներդրում, անշուշտ, նկատի է ունեցել նաև «Սպայկա»-ի ներդրումը»։ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատուի խոսքով ողջունելի է Կառավարության կողմից եկամուտների հավաքագրման կամ ստվերի բացահայտման ցանկացած քայլ, եթե դրանք օրինաչափ են և ունեն պարբերական բնույթ, այլ ոչ թե ընտրանքային ձևով են իրականացվում։

Հիշեցնենք, որ Դ.Ղազարյանին ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար, եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել է, իսկ գրավ կիրառելու փաստաբանների միջնորդությունը՝ մերժել։ Դ.Ղազարյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ՊԵԿ-ը ուռճացված թվեր է հրապարակել։

Փաստաբանները ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս